20:35  ,  28 հունվարի, 2018

Մաքսիմ Մանուկյան. Դեռ վերջնական չեմ որոշել, թե որ քաշային կարգում եմ հանդես գալու

Աշխարհի գործող չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մարզավիճակս շատ լավ է, նորմալ մասնակցեցի Հայաստանի առաջնությանը: Պատրաստվում եմ հետագա մրցաշարերին: Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ կամքով: Մարզավիճակ ձեռք բերելու համար պետք է մեկնեի դրսի մրցաշարերին, բայց նախընտրեցի հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Կշարունակեմ լավ մարզավիճակ հավաքել, որպեսզի լավ հանդես գամ Եվրոպայի առաջնությունում, այնուհետեւ՝ աշխարհի առաջնությունում:

87 կգ քաշային կարգում ինձ վատ չեմ զգում, բայց դեռ վերջնական չեմ որոշել` կմնամ այս քաշում, թե՝ ոչ: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, երեւի, կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում, բայց արդեն 2019 թվականից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում, որպեսզի Օլիմպիական խաղերին մոտ այդ քաշում մասնակցեմ»,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 80 կգ քաշային կարգում:

Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում հունվարի 28-ին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվել էր նոր քաշային կարգերով ու կանոններով, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը: Հայաստանի չեմպիոն դարձան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ) աշխարհի 2016թ. չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Էդգար Խաչատրյան (130 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում