12:25  ,  28 հունվարի, 2018

ԱԻԲԱ-ի նախագահը հրաժարական է տվել համաժողովում, քննարկվել են մի շարք հարցեր

Դուբայում տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը, որին Հայաստանից մասնակցել են բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն ու փոխնախագահ Արամ Դավթյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր։ ԱԻԲԱ-ն խոստացել է, որ կվերանայի բողոքարկման մասին որոշումը։ Նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը, ինչը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել։ ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրել են նոր, փոփոխված կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբ բավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները եւ հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ։ Բավականին թուլացվել են ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները։ Այսուհետ կարեւոր որոշումները կկայացվեն միայն խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ավելացվել է նաեւ խորհրդի անդամների քանակը՝ 24-ից դառնալով 28։ ԱԻԲԱ-Ն հայտարարել է, որ պատրաստ է ընդունելու իր սխալները։ Մեղադրանքները հիմնականում ֆինանսական բնույթ էին կրում եւ առնչվում էին նախկին նախագահ Չինգ Կոու Վուի հետ։ Նման մի շարք հակաօրինական արարքների համար ԱԻԲԱ-ից հեռացվել են բազմաթիվ պաշտոնատար անձիք, ովքեր մութ ու կասկածելի գործարքներ են կատարել նախագահ Չինգ Կոու Վուի պահանջով։

Քննարկվել է ԱԻԲԱ-ի նաեւ նախկին նախագահին պատվավոր նախագահի կոչում շնորհելու հարցը, սակայն բոլոր ֆեդերացիաները դեմ են արտահայտվել։ Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական է ներկայացրել ԱԻԲԱ-ի նախագահի պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին։ ԱԻԲԱ-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանկո Ֆալչինելիին երկար տարիների կատարած աշխատանքի ու նախկին նախագահի ֆինանսական խախտումները բացահայտելու համար։ Որոշվել է, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահը, ով ամենաերկարն է զբաղեցնում այդ պաշտոնը։ Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցնում է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը եւ հենց նրան էլ առաջարկվել է մինչեւ ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները։ Հերթական համաժողովը կկայանա Մոսկվայում 2018թ. նոյեմբերի 2-3-ը:

Ելույթ է ունեցել նաեւ ՄՕԿ-ի ներկայացուցիչը, որը ներկայացրել է 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը բռնցքամարտի հետ կապված։ ՄՕԿ-ի որոշմամբ՝ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն եւ հասցվեն 8-ի, իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի։ Այս որոշմամբ նրանք ցանկանում են լուծել գենդերային հավասարության հարցը։ ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է նաեւ բռնցքամարտի դերը Օլիմպիական խաղերում։ Նա նշել է, որ բռնցքամարտը Օլիմպիական խաղերի ամենադիտված մարզաձեւն է, եւ որ այն դեռեւս 114 տարի առաջ է դարձել օլիմպիական մարզաձեւ։ Ֆալչինելին իր անհամաձայնությունն է հայտնել ՄՕԿ-ին եւ նշել, որ ի տարբերություն մյուս մարզաձեւերի, բռնցքամարտում չի կարելի նման կերպ լուծել գենդերային հարցը, քանի որ բռնցքամարը ծանր մարզաձեւ է։ ԱԻԲԱ-ն առաջարկել է 2020թ. Օլիմպիական խաղերին տղամարդկանց համար թողնել 10 քաշային կարգերը, իսկ կանանցը դարձնել 5։ Քվոտաների հետ կապված առաջարկվել է տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը՝ 36-ից 60։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում