17:45  ,  25 հունվարի, 2018

ՀԳՖ նախագահ. Թող ըմբշամարտից կամ բռնցքամարտից բյուջեն մի քիչ «մոնտաժեն», տան գեղասահքին

Մոսկվայում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն ու պարային զույգին հաջողվեց բավարարվել միայն վերջին տեղերով: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Մոսկվայում հետեւել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթներին եւ գոհ է նրանց մասնակցությունից, իսկ ցածր միավորները եւ վերջին տեղերում լինելը պատճառաբանում է միջազգային մրցավար, տեխնիկական անձնակազմ եւ գումար չունենալով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մելանյա Ստեփանյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը, խոսել հայկական գեղասահքի խնդիրների մասին:

Տիկին Ստեփանյան, թեեւ հայ մարզիկները լավ ելույթներ ունեցան Եվրոպայի առաջնությունում, բայց ցածր միավորներով տեղ չգտան լավագույն տասնյակում: Ի՞նչն է խանգարում մեր գեղասահորդներին բարձր արդյունքներ գրանցել:

Ես իմ սաներից շատ գոհ եմ: Խոսք չունեմ թե Սլավիկ Հայրապետյանի մրցելույթներից, թե Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգից:

Տղամարդկանց մենասահքում 18-ամյա Սլավիկ Հայրապետյանը փայլեց: Չեմ վախենում այդ խոսքից, ուղղակի խոսքեր չունեմ, հիացած եմ: Գեղասահքը շատ բարդ մարզաձեւ է: Եթե դու մարզվում ես 100 տոկոսով, մրցելույթներին ցուցադրում ես քո հնարավորությունների 50 տոկոսը. սա կհասկանան սառույցի վրա դուրս եկողները` հուզմունք, ոտքերի դող, սառույցի վրա պար, էմոցիաները: Գեղասահքը ոչ մի մարզաձեւի նման չէ, սառույց է եւ չի կարելի սառույցի հետ ուղղակի կատակ անել: Սլավիկ Հայրապետյանը կարող է մարզումների ընթացքում 3 ու կես, 4 պտույտով ցատկ անել, բայց դուրս գալ մրցասպարեզ եւ ձախողվել:

Սլավիկ Հայրապետյանի մասնակցությունից հիացած եմ: Նա հրաշալի հավաքվեց, լավ եւ արժանի ելույթներ ունեցավ թե կարճ, թե ազատ ծրագրում: Կարճ ծրագրում նա գրավեց 14-րդ տեղը, բայց վստահ 7-րդ տեղի արդյունք ցույց տվեց: Չեմ ցանկանում անդադար մրցավարների վրա գցել ցածր միավորները, բայց իրականությունն այն է, որ մենք միջազգային մրցավարի պակաս ունենք, այդ պատճառով Հայրապետյանը հայտնվեց 14-րդ տեղում: Ազատ ծրագրում էլ վատ չսահեց: Տղամարդկանց մենասահքում 37 մասնակից կար, եւ նրանց մեջ նա զբաղեցրեց 15-րդ տեղը: Բոլորն էլ վայր էին ընկնում, ռուսներն էլ էին ընկնում: Ուղղակի նրանց նկատմամբ ավելի մեղմ էին:

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգի մասնակցությունն ինչպե՞ս եք գնահատում:

Նրանք նույնպես շատ լավ հանդես եկան: Պարային զույգերի մրցավարությունում «մաֆիան» ավելի ուժեղ է: Պարային զույգերի ծրագրում ով ինչ ուզում անում է, անվերահսկելի է. Ոչ մեկի հետ չի լինում խոսել: Մեր զույգը բավական հաջող հանդես եկավ եւ նրանք պետք է զբաղեցնեին գոնե 15-րդ տեղը, բայց 19-ում հայտնվեցին: Ոչինչ անել չէինք կարող:

Անաստասիա Գալուստյանն այս շրջանում, կարծես, մասնակցում է շոու-ծրագրերի, բայց այսօր նա դեռեւս շարունակում է մնալ Փհենչհան-2018 Օլիմպիական խաղերի պահեստային մասնակցի կարգավիճակում եւ այսքանով հանդերձ չհայտավորվեց ԵԱ-ին:

Անաստասիա Գալուստյանը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարից հետո շատ հիասթափվեց: Որոշ ժամանակ անց դադար խնդրեց, մենք փորձեցինք նրան օգնել, հոգեբանական աջակցություն ցույց տալ, բայց այս շրջանում նրան մարզական կարիերայի դադար էր պետք: Այս ընթացքում նա Մոսկվայում մասնակցում էր շոուների, որից մեկի ժամանակ վնասվածք է ստացել: Եվրոպայի առաջնությանը չհայտավորվեց վնասվածքի պատճառով եւ այդ ամենին գումարած նրա հիասթափությունը: Անաստասիան եւ Թինա Կարապետյանի զույգը այս պահին Օլիմպիական խաղերի առաջին պահեստայիններն են: Դեռեւս սպասում ենք, որ գուցե որեւէ մեկը հրաժարվի մասնակցությունից, անմիջապես մեր ուղեգիրը կուղարկեն:

Միջազգային կարգի մրցավարների պակասից բացի, մարզիկներն ի՞նչ խնդիրներ ունեն:

Մենք այսօր գումարի պակաս ունենք, ուրիշ ոչինչ: Լավ գեղասահորդներ ունենք, լավ ներուժ կա, մեր հավաքականի անդամները իսկապես լավ գեղասահորդներ էին:

Մենք այսօր արդեն սկսել ենք միջազգային մրցավարների պատրաստումը, բայց սա հետագայի հարց է: Մինչեւ մեր մրցավարները հասնեն այդ կարգին, որ միջազգային մրցաշարերից դուրս գան խոշոր մրցաշարեր դատելուն, այդ ժամանակ արդեն ոչ Սլավիկ Հայրապետյանը, ոչ էլ մյուսները չեն լինի սպորտում:

Սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ն ի՞նչով են աջակցում գեղասահքին:

Ինչով կարողանում,  օգնում են: Մենք ունենք բյուջե, բայց երբեք այն մեզ չի բավարարում: Եթե ես ունենամ գումար, օրինակ` Սլավիկ Հայրապետյանին կուղարկեմ մարզվելու ԱՄՆ-ում իմ մարզիչի` Ռաֆայել Հարությունյանի մոտ, ով անվանի մարզիչ է ամբողջ աշխարհում: Պարբերաբար խոսում եմ ղեկավարության հետ, որ ունենք գումարի կարիք, բայց ի՞նչ է փոխվում, ո՞վ է լսում … Թող ըմբշամարտից կամ բռնցքամարտից բյուջեն մի քիչ «մոնտաժեն», տան գեղասահքին…

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով