22:07  ,  23 հունվարի, 2018

Շախմատի Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոն. Եթե չլիներ Աշոտ Անաստասյանը, գուցե այսպիսի հաջողություններ չունենայի

Ինձ համար մեծ պատիվ է Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի հետ լինել նույն հավաքականում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի 78-րդ առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայկ Մարտիրոսյանը: 17-ամյա գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել էր 7 միավոր եւ դարձել շախմատի Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը: Մարիտիրոսյանը նաեւ իրավունք էր ստացել հանդես գալ շախմատի Հայաստանի հավաքականի կազմում:

Հայկ, ընդամենը 17 տարեկան ես, բայց արդեն Հայաստանի չեմպիոն եւ ազգային հավաքականի անդամ: Ինչպե՞ս է սկսվել շախմատային կյանքը:

Շախմատ սկսել եմ խաղալ 5 տարեկանից: Հայրս եղել է շախմատի մարզիչ: Երբ ինձ սովորեցրեց շախմատ խաղալ, ինձ շատ դուր եկավ: Անգամ քարերի հետ էի խաղում, որպես ինձ համար խաղալիք: Այդպես մանկությունս, կարելի է ասել, շախմատային է եղել: Մի քանի տարի անց արդեն սկսեցի մրցաշարերի մասնակցել, հաջողություններ ունեցա եւ որոշեցի որպես ինձ մասնագիտություն շախմատն ընտրել: Բայց շախմատին զուգահեռ սիրում եմ նաեւ ֆուտբոլ, մասնավորապես, ֆուտբոլ խաղալ:

Ի՞նչ զգացողություններ ունես առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո:

Երկրորդ անգամ եմ մասնակցում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: 2017 թվականին ունեի չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորություն, ամբողջ առաջնության ընթացքում առաջին տեղում էի ընթանում, սակայն վերջին պահին սայթաքեցի: Լավ դիրքեր ունեի, բայց պարտվեցի եւ գրավեցի երրորդ տեղը: Այս առաջնությունում սխալներս ուղղել էի, ինչի շնորհիվ ինձ հաջողվեց զբաղեցնել առաջին տեղը:

Մրցակցության մասին ի՞նչ կասես:

Հայաստանի առաջնությունն ամենաբարդ մրցաշարերից է, քանի որ բոլորն էլ ուժեղագույն շախմատիստներ են: Պարտվելուց հետո կարող ես ավելի ուժեղ շախմատիստի հանդիպել, իսկ, օրինակ, բաց առաջնություններում պարտություններից հետո սովորաբար ավելի թույլ մրցակիցների ես հանդիպում: Անցած տարվա առաջնությունից մեծ դաս էի քաղել ինքս ինձ համար, այս տարի արդեն ավելի լրջորեն էի պատրաստվել եւ տրամադրված հաղթանակի: Ինքս իմ պարտիաներից գոհ եմ, յուրաքանչյուր տուրից հետո զգում էի, որ լավ որակներ եմ ցույց տալիս:

Դու արդեն նաեւ Հայաստանի հավաքականի անդամ ես: Ինչպե՞ս ես քեզ պատկերացնում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի անդամի կարգավիճակում:

Շատ պարտավորեցնող է հավաքականի կազմում ընդգրկվելը, նույնքան պարտավորեցնող կլինի հավաքականի կազմում խաղալը: Կփորձեմ բոլոր ուժերս ներդնել, որպեսզի լավագույն արդյունքները գրանցեմ եւ հավաքականին օգնեմ, ամեն ինչ պետք է անեմ, որ լավ խաղամ: 

Անձնական մարզիչս եղել է գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն, լուսահոգի Աշոտ Անաստասյանը: Արդեն շուրջ մեկ տարի նա մեզ հետ չէ, բայց մինչեւ օրս ես նրա խորհուրդներով եմ առաջնորդվում: Մեկ տարի մարզիչ չեմ ունեցել: Աշոտ Անաստասյանը շատ մեծ դեր է ունեցել իմ շախմատիստի կյանքում: Եթե նա չլիներ, գուցե ես այսպիսի հաջողություններ չունենայի` մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, պատանիների կրկնակի Եվրոպայի չեմպիոն, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն, իսկ այսօր արդեն Հայաստանի չեմպիոն: Հայաստանի առաջնությունից հետո իմ անձնական մարզիչը կլինի Հայաստանի հավաքականի արդեն նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը:

Ի՞նչ երազանք ունես շախմատում:

Երազանքներիցս մեկը` Հայաստանի հավաքականում ընդգրկվելն էր, որն իրականացավ: Հիմնականում իմ առջեւ այնպիսի երազանքներ ու նպատակներ եմ դնում, որ կարողանամ հասնել: Մյուս երազանքս հավաքականում մեծ նվաճում ունենալն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում