21:30  ,  23 հունվարի, 2018

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում չի կարող «Արսենալում» խաղալ 7 համարով

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայում չի կարող հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:

Եվրոպայի լիգայի այս մրցաշարում «Արսենալի» 7 համարով հայտավորված էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ մեկ մրցաշրջանում նույն համարով չեն կարող խաղալ 2 ֆուտբոլիստներ:

Դեռ հայտնի չէ, թե Եվրոպայի լիգայում որ համարով է խաղալու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Արսենալը» մրցելու է շվեդական «Էստերսունդի» հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը, որով հանդես կգա Անգլիայի Պրեմյեր լիգայի եւ գավաթային խաղերում:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ալեքսանդր Լյակազեթից հետո (ֆրանսիացի հարձակվողը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ): «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս