20:03  ,  23 հունվարի, 2018

Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգեւատրվեցին

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացել է շախմատի Հայաստանի առաջնությունների պարգեւատրումն ու փակման արարողությունը: Չեմպիոններին պարգեւատրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի 78-րդ առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել էր 17-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 11 հնարավորից վաստակել էր 7 միավոր եւ դարձել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ: Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, որը կես միավոր հետ մնաց չեմպիոնից՝ գրավելով երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մարիա Կուրսովան, որը 9 տուրերում վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին:

Հայաստանի առաջնության վերջին օրը վիճարկվել է նաեւ արագ շախմատի Հայաստանի չեմպիոնությունը: Արագ շախմատում առաջատարը երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մանուէլ Պետրոսյանն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում