18:38  ,  23 հունվարի, 2018

«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզման տեսանյութն ու ֆոտոռեպորտաժը

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը հունվարի 23-ին առաջին մարզումն է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում: Մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանն ունեցել է բարձր տրամադրություն, փոխանցում է standard.co.uk-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ալեքսանդր Լյակազեթից հետո (ֆրանսիացի հարձակվողը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ): «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում