09:42  ,  23 հունվարի, 2018

«Կյանքը սպորտից հետո». Աշխարհի չեմպիոն Նշան Մունչյան (ֆոտո)

Մարզական կարիերայից հետո ոմանք մնում են սպորտում՝ մարզչությամբ զբաղվում, իսկ ոմանք լքում են սպորտը՝ պատճառաբանելով, որ պրոֆեսիոնալ մարզիկը չի կարող երբեք լավ մարզիչ լինել։

NEWS.am Sport-ը  սկսում  է «Կյանքը սպորտից հետո» խորագրով նոր շարք: Կներկայացնենք հայկական սպորտի աստղերի կյանքը մարզական կարիերայից հետո։

Խորագրի առաջին հերոսը սիրողական բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,  Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած թեթեւագույն քաշային բռնցքամարտիկ, 55-ամյա Նշան Մունչյանը, ով 2007 թվականից  բնակվում է ԱՄՆ-ում:

Անվանի մարզիկը բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ Նրա մարզիչն է եղել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը։ 1986 թվականին Մունչյանը առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1986- 1991 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, եղել է ԽՍՀՄ քառակի չեմպիոնԵվրոպայի չեմպիոն: 1993-1996 թվականներին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում։ 1993 թվականին Մունչյանը մասնակցել է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ էլ նվաճել է անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին։

Նշան Մունչյանը մարզական կարիերայի ավարտից հետո չի հեռացել մեծ սպորտից։ Նա այժմ իր փորձն է փոխանցում ԱՄՆ-ում բնակվող պատանիներին եւ երիտասարդներին, պատրաստում չեմպիոններ։

Պարոն Մունչյան, Դուք անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն եք բռնցքամարտում։ Այսօր էլ արդեն չեմպիոններ ենք պատրաստում։ Կյանքը, որն այժմ ունեք, ա՞յն է, ինչի մասին երազել էիք պատանի տարիքում, երբ առաջին անգամ մտաք բռնցքամարտի դահլիճ։

Մանկուց սպորտ շատ եմ սիրել: Մինչեւ բռնցքամարտը լողով, հրաձգությամբ եմ զբաղվել, պարել եմ։ 13 տարեկանից ինձ նվիրել եմ բռնցքամարտին։ Երկար ու բարդ ճանապարհ եմ անցել, մի շարք հաղթանակներ եմ ունեցել մինչեւ 1996 թվականը։ Մարզիկի կարիերաս ավարտել եմ Հայաստանում։ Կարիերայիս ավարտից հետո երկար տարիներ Հայաստանում շարունակեցի գործունեությունս՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահն եմ եղել, 1999-2001 թվականներին զբաղեցրել եմ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2007 թվականին, 44 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվեցի ԱՄՆ։ Արդեն 10 տարի բնակվում եմ այստեղ եւ այստեղ էլ մեծ սպորտից չեմ հեռացել. զբաղվում եմ բռնցքամարտով՝ Լոս Անջելեսի «International Sports Union»  սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն եմ, իսկ ակումբի նախագահն է Քեն-Կարեն Արությունյանը:

Ի՞նչը դարձավ Հայաստանից հեռանալու պատճառ։

Ուղղակի որոշեցինք տեղափոխվել: Երբ մի բանով զբաղվում ես, նպատակ պետք է ունենաս: Հայաստանում ես իմ բոլոր նպատակներին հասել էի: Հայաստանում ես մարզիչ չեմ եղել, բայց ֆեդերացիայում եմ աշխատել, միջազգային կարգի մրցավար եմ եղել: Հայաստանում էլ եմ զբաղվել ճիշտ գործով եւ սպորտին օգուտ տվել իմ գործունեությամբ: Տեղափոխվեցինք ԱՄՆ. պարզապես այդպես ստացվեց: Ոչ մեկից նեղացած չեմ եղել, ոչ էլ փախել եմ:

Պրոֆեսիոնալ մարզիկները, սովորաբար, խուսափում են զբաղվել մարզչական գործունեությամբ: Մասնավորապես, հայ մարզիկների շրջանում կա կարծիք, որ լավ մարզիկը չի կարող լինել լավ մարզիչ:

Երբեք վստահ չեմ եղել ոչնչում, մասնավորապես, որ ես կարող եմ նաեւ լավ մարզիչ լինել: Կյանքում ամեն հարցում վստահ եմ եղել միայն ինքս իմ ուժերի վրա: Ինչով զբաղվել եմ, լիարժեք նվիրվել եմ դրան. եղել եմ բռնցքամարտիկ, լիարժեք ինձ նվիրել եմ բռնցքամարտին, եղել եմ ֆեդերացիայի փոխնախագահ, նվիրվել եմ ֆեդերացիայի աշխատանքին, Հայաստանում լավագույն միջազգային կարգի մրցավարն եմ եղել: Իմ բնավորության գիծն է եղել՝ ամեն ինչում միշտ առաջինը լինել: Եթե նույնիսկ բանվոր լինեի, լավագույններից պետք է լինեի: Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի, որ ինչ գործ ձեռնարկում է, լիարժեք նվիրվի, ու այնպես անի, որ ինքն իր աշխատանքից բավարարված լինի:

ԱՄՆ-ում եմ անցել մարզչական աշխատանքի: Երեւի ոչ ոք չէր սպասում, որ ես մարզիչ կդառնամ: Իմ անձնական մարզիչ, լուսահոգի Արմեն Անտոնյանը եկավ ԱՄՆ, ինձ ասաց՝ շատ ճիշտ եմ անում, որ մարզչական աշխատանքով եմ զբաղվում: Նույն ոգով շարունակում եմ աշխատել որպես մարզիչ՝ եթե լինել մարզիչ, ապա միայն լավ մարզիչ: 10 տարի է բռնցքամարտի մարզիչ եմ, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ եմ պատրաստում: Այս տարիների ընթացքում ունեցել եմ ԱՄՆ-ի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակիցների թեկնածուներ եմ ունեցել: Ես չեմ աշխատում ԱՄՆ ազգային հավաքականի հետ, այլ պատրաստում եմ բռնցքամարտիկներ ԱՄՆ հավաքականի համար: Համարում եմ, որ այս 10 տարիների ընթացքում մարզչական գործունեությունում էլ հաջողություններ եմ ունեցել:

Եթե պրոֆեսիոնալ մարզիկը չզբաղվի մարզչությամբ, երբեք չի իմանա, որ կարող էր նաեւ լավագույն մարզիչներից լինել: ԽՍՀՄ հավաքականի մեր տղաներից շատերը լավ մարզիչներ են դարձել: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը մեզ հետ էր մարզվում, հետո դարձավ աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, մեծ նվաճումների հասավ եւ այսօր շատ լավ մարզիչ է: Դա մարդու ցանկությունն է, ներքին ձգտումը. անհնար ոչինչ չկա: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ լավ մարզիկը չի կարող դառնալ լավ մարզիչ:

Շատ գոհ եմ, որ եկել եմ այստեղ. այնպես չէ, որ ոտքերս սեղանին դրած ապրում եմ: Օրվա ընթացքում աշխատում եմ 18 ժամ: Հայաստանում կա մի կարծրատիպ՝ սա չեմ անի, նա չեմ անի... Ու հասկանում եմ, թե ինչու... Ուրախ եմ, որ լինելով հայ, ԱՄՆ-ում ես կոտրեցի իմ մեջ այդ կարծրատիպը.  եթե հարկավոր լինի ընտանիքս պահել, ամեն ինչ էլ կանեմ: ԱՄՆ-ն այդ կողմից շատ հետաքրքիր երկիր է, որը քեզ սովորեցնում է ճիշտ ապրել:

Պարոն Մունչյան, Ձեր խոսքում նշեցիք, որ պատրաստում եք չեմպիոններ ոչ միայն սիրողական, այլեւ պորֆեսիոնալ բռնցքամարտում:

Շատ շուտով մենք ունենալու ենք ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ այնպիսին, ինչպիսին Վիկ Դարչինյանն է, Արթուր Աբրահամը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շուտով կունենանք աշխարհի չեմպիոններ, ովքեր իմ սաներն են: Նրանցից մեկը Ֆերդինանտ Քերոբյանն է (Lucky Boy), 20 տարեկան: Նա երիտասարդների ԱՄՆ-ի չեմպիոնն է: 17 տարեկանում հավակնում էր ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկվել Ռիո-2016 օլիմպիական հավաքական, բայց վարկանիշային մրցաշարում 3-րդ տեղ զբաղեցրեց եւ չկարողացավ մեկնել: Պրոֆեսիոնալ ռինգում նա արդեն ունի 7 մենամարտ, 7 հաղթանակ, որոնցից 4-ը նոկաուտով: Նրա 8-րդ մենամարտը կկայանա հունվարի 27-ին Լոս Անջելեսում, որտեղ Ֆերդնինատը կմասնակցի «Golden Boy»-ի կազմակերպած երեկոյին: Դեռեւս 6 ռաունդանոց մենամարտեր է անում եւ մեծ հույսեր ունեմ, որ մոտ 2 տարուց նա կդառնա աշխարհի չեմպիոն: Ֆերդինանտի հետ մենք աշխատել ենք 7 տարեկանից:  

Ավելի բարդ է չեմպիոն դառնա՞լ, թե՞ չեմպիոն պատրաստել:

Երկուսն էլ բարդ է: Սպորտում հեշտ ոչինչ չկա, կա միայն ձգտում եւ քրտնաջան աշխատանք: Մարզիչ դառնում ես, նոր զգում՝ մարզչի դժվարությունը: Շատ բարդ է լինել այնպիսի մարզիչ, որ ճիշտ ուղու վրա կդնես նոր սերնդին, նրանց կսովորեցնես այն ձգտումն ու հաջողության հասնելու կարողությունը, ինչը դու ես ունեցել անցյալում: Սպորտը սիրում է նվիրում. եթե մարզիկ ես, պետք է ինքդ քեզ նվիրես սպորտին, եթե մարզիչ ես նույնությամբ, առանց տարբերության պետք է քեզ նվիրես քո սաներին, որ նրանք հաջողության հասնեն, որով նաեւ դու ես հաջողություն ձեռք բերում:

Ի՞նչ կասեք հայկական բռնցքամարտի ներկայիս մասին:

Ես հետեւում եմ եւ տեղյակ եմ նաեւ, որ Հայաստանում եւս արդեն մի քանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ ունենք: Մի քանի անգամ հանդիպել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին, նա հրաշալի մարզիկ էր մեր ժամանակներում: Գիտեմ, որ ֆեդերացիայի նախագահը ցանկություն ունի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին ԱՄՆ-ում մենամարտեր անցկացնելու հնարավորություն ստեղծել:

Բռնցքամարտը մեր ձեւն է, հայի ձեւն է: Շատ լավ մարզաձեւ է եւ հատուկ է հայերին: Իրականում, բռնցքամարտը ոչ միայն ուժային ձեւ է, կռիվ է, այլ խելքի կռիվ է: Եթե մարզիկը խելացի չեղավ ռինգում, միայն ուժով չի հաղթի: Իսկ եթե մարզիկն անգրագետ է, չի կարող լավ բռնցքամարտիկ դառնալ: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ բռնցքամարտը մեզ բնորոշ մարզաձեւ է: Հայը գենետիկորեն շատ խելացի է ու նաեւ ուժեղ, խիզախ, անվախ:

Ես ուրախանում եմ այն բոլոր հաջողություններով, որ գրանցում են այսօր հայ բռնցքամարտիկները: Դանդաղ են գալիս հաղթանակները, բայց հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու հայկական բռնցքամարտում, դեռ շատ հաջողություններ ենք ունենալու: Հայաստանում ապրող մարզիկները գենետիկորեն ունեն սպորտին անձնուրաց նվիրվելու շնորհք: Իսկ, օրինակ, ամերիկացիները չունեն այդ հատկությունը: Դեռեւս մեր ժամանակներից Հայաստանում սովոր էինք տեսնել, որ մարզադահլիճներում մարզվող, քրտնաջան աշխատողները վատ ապրող, ֆինանսի խնդիր ունեցող ծնողների երեխաներն էին: ԱՄՆ-ում լավ ապրողներն ավելի շատ են, քան վատ ապրողները: Այդ պատճառով ամերիկահայ երեխաները սպորտով զբաղվելու այդքան մեծ ձգտում չունեն: 10 տարվա ընթացքում շուրջ 500 սան եմ ունեցել եւ նկատել եմ, որ հայ երեխաների մեջ գեներով գալիս է մարզվելու, կռվելու, պայքարելու ձգտումը:

Հասկանում եմ, թե ինչու են բռնցքամարտում եւ առհասարակ սպորտում հաղթանակները մեզ դժվար տրվում: Շատ կուզեի, որ մեր մարզիկները, եւ առհասարակ ժողովուրդը հնարավորոթյուն ունենար մի պահ դուրս գալ մեր երկրից, մի որոշ ժամանակ ապրեր օտար երկրում եւ տեսներ, թե ինչ է նշանակում լինել բոլորին հավասար, երբ չունես որեւէ օգնող, ծանոթ: Ես Հայաստանը շատ եմ սիրում, իմ երկիրն է, իմ հայրենիքը, բայց շատ կուզեի, որ թե սպորտում եւ առհասարակ կյանքում բոլորը հավասար լինեին: Այստեղ որեւէ մեկը մատով ցույց չի տալիս ինչ-որ մեկին եւ չի ասում՝ գիտես, սա այն-ինչ մարդն է եւ իրավունք ունի անել ամեն ինչ: Եթե աշխատում ես ու կարող ես, անում ես, հասնում ես հաջողության, ունենում ես հաղթանակներ:

Նշան Մունչյանն ամուսնացել է 1989 թվականին Հայաստանում: Ունի 3 դուստր: Նրանցից երկուսը ծնվել են Հայաստանում, իսկ մեկը՝ ԱՄՆ-ում: Մունչյանի դուստրերը պարի դպրոց ունեն ԱՄՆ-ում , եւ զբաղվում են պարարվեստով:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Նշան Մունչյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով