23:20  ,  22 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ նոր թիմակիցներիս հետ արագ ընդհանուր լեզու գտնել խաղադաշտում

«Արսենալի» հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան ակումբի նկատմամբ իր սիրո մասին:

«Միշտ հավանել եմ «Արսենալի» խաղը եւ թիմը ղեկավարելու ոճը, որն ունի Արսեն Վենգերը: «Արսենալում» միշտ շատ են եղել երիտասարդ խաղացողները, որոնք առաջադիմել են նրա ղեկավարությամբ: Իհարկե, ես շատ էի հավանում Թիերի Անրիի խաղը: Հնարավոր է՝ նա եղել է «Արսենալի» նկատմամբ իմ սիրո պատճառներից մեկը: Նա շատ էր գոլեր խփում, նաեւ խաղում էր թիմի համար: Անրին իսկական հերոս էր:

Ինձ քիչ ճանաչողներին խորհուրդ կտամ դիտել իմ խաղը «Արսենալի» կազմում: Ես խաղում եմ ամբողջ խաղադաշտում եւ չեմ սեւեռվում մի դիրքի վրա: Ձգտում եմ տարածություն ստեղծել թիմակիցներիս համար եւ օգնել նրանց: Անհամբեր սպասում են նոր ակումբակիցներիս հետ մարզումներս սկսելուն: Ցանկանում եմ նրանց հետ արագ ընդհանուր լեզու գտնել խաղադաշտում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Մխիթարյանի տեղափոխությունից հետո «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսենը Վենգերը հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը «կատարյալ խաղացող» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում