22:32  ,  22 հունվարի, 2018

Արսեն Վենգեր. Հենրիխ Մխիթարյանը կատարյալ խաղացող է

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի նորեկ, «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին խոսել է դրվատանքով:

«Հենրիխը կատարյալ խաղացող է: Նա ստեղծում է հնարավորություններ թիմակիցների համար, լավ պաշտպանվում է, մշտապես գտնվում է շարժման մեջ եւ նպատակասլաց խաղացող է: Կարող եմ ասել, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները:

Հնարավոր է՝ Հենրիխը ռմբարկու չէ, բայց նա բարելավել է նաեւ այդ բաղադրիչը: Կարիերայի ընթացքում նրա խփած գոլերի քանակը տպավորիչ պատկեր է տալիս: Ես շատ ուրախ եմ ստանալ նրա նման խաղացողի, որը կենտրոնացած կլինի մեր խնդիրների լուծման վրա: Կենսականորեն կարեւոր է թիմում ունենալ փորձառու ֆուտբոլիստների: Մենք ունենք մի շարք երիտասարդ խաղացողներ, սակայն նրանք առանց փորձառուների չեն կարողանա ապահովել արդյունք Պրեմյեր լիգայում: Մենք ունենք փորձի կարիք եւ Մխիթարյանի հետ այն կավելանա:

Մենք շատ լավ ֆուտբոլիստին փոխարինել ենք շատ լավ ֆուտբոլիստով: Երկուսն էլ համաշխարհային մակարդակի խաղացողներ են: Մխիթարյանը կարող է խաղալ եզրում կամ կիսապաշտպանության կենտրոնում: Ես հավատում եմ, որ նա կարող է փակել մի քանի դիրքեր: Նա կարող լավ համագործակցել Օզիլի հետ մեր դասավորությունում: Մխիթարյանը լավ ձեռքբերում է»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

29-ամյա հայ ֆուտբոլիստն ու «Արսենալը» կնքել են երկարաժամկետ պայմանագիր:

Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում