23:56  ,  19 հունվարի, 2018

ՄՕԿ-ը 500 ռուսաստանցի օլիմպիականներից 111-ին զրկել է ուղեգրերից

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 111 ռուսաստանցի օլիմպիականների զրկել է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ստանալու հնարավորությունից: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն ներկայացրել էր 500 օլիմպիականների ցուցակ, սակայն ՄՕԿ-ն այն կրճատել է՝ թողնելով հիմնականում ռուսական սպորտի նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք հանդես չեն եկել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում:

Ցուցակում մնացած մարզիկները պետք է դոպինգ թեստեր անցնեն: Դրանից հետո միայն որոշում կընդունվի նրանց մասնակցության վերաբերյալ:

Հարավային Կորեա մեկնելու իրավունքից զրկվել են նաեւ 51 ռուսաստանցի մարզիչներ եւ 10 բուժաշխատողներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դոպինգի համակարգային կիրառման մեղադրանքով զրկվել է Փհենչհանի Օլիմպիական խաղերին առանձին պատվիրակությամբ եւ սեփական դրոշով մասնակցելու իրավունքից:

Պհենչհանի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին, կավարտվեն փետրվարի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English