21:44  ,  19 հունվարի, 2018

«Բավարիայի» մարզիչ. Կհրաժարվեի Օբամեյանգի եւ Դեմբելեի նման ֆուտբոլիստներից

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ կհրաժարվեր Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի նման ֆուտբոլիստներից, քանի որ նրանք զուրկ են էթիկայից: Այս ֆուտբոլիստները տրանսֆերային պատուհանների ժամանակ բոյկոտել են «Բորուսիայի» մարզումները՝ պահանջելով չխոչընդոտել իրենց տեղափոխությանը: Սպասվում է, որ այս ամիս Օբամեյանգը կմիանա Լոնդոնի «Արսենալին»:

«Կարծում եմ՝ հիմա ֆուտբոլիստները շատ արտոնյալ պայմաններում են, հատկապես, հաշվի առնելով, որ հասարակ մարդիկ ստիպված են շատ աշխատել իրենց աշխատավարձի համար: Խաղացողները պետք է մտածեն պրոֆեսիոնալ էթիկայի եւ բարոյականության մասին: Օբամեյանգի եւ Դեմբելեի մասնակցությամբ իրավիճակներն արժանի են քննադատության: Այդ խաղացողներին ձեռք բերող ակումբները պետք է հասկանան, որ նրանք կարող են նույն կերպ վարվել իրենց հետ: Ես կհրաժարվեի այդ ֆուտբոլիստներից:

Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է: Չի կարելի լինել եսասեր եւ մտածել միայն սեփական նպատակների մասին: Պետք չէ մոռանալ նաեւ երկրպագուների մասին: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այսպիսի իրավիճակներին, որպեսզի երկրպագուները չհիասթափվեն եւ չշրջվեն ֆուտբոլից»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English