15:31  ,  19 հունվարի, 2018

Լեոն Գորեցկան պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ (ֆոտո)

Գելզենկիրխենի «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս մրցաշրջանի վերջում ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:

Գերմանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Բավարիայում» եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը, հայտնում է ակումբի կայքը:

Լեոն Գորեցկան գերմանական «Բոխումի» սան է, իսկ «Շալկեին» միացել էր 2013-ին: Այս ընթացքում նա Գելզենկիրխենի թիմի կազմում անցկացրել է 130 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 19 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը «Շալկեի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում