13:40  ,  19 հունվարի, 2018

Փոլ Մերսոն. Շատ բարդ է Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ գտնել հունվարին

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Ես Մխիթարյանի մեծ երկրպագու եմ: Նրա խաղին հետեւում էի նաեւ Դորտմունդում, որտեղ նա շատ գոլեր էր խփում եւ ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող:

Մխիթարյանի մոտ ամեն բան չստացվեց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն, եթե նա տեղափոխվի «Արսենալ», կարող է դառնալ սենսացիա: Դա հրաշալի տրանսֆեր է: Շատ բարդ է այդպիսի ֆուտբոլիստ գտնել հունվարին: Մխիթարյանը լավագույններից է Պրեմյեր լիգայում»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով