11:45  ,  19 հունվարի, 2018

Ադեբայոր. «Արսենալին» ատում եմ Վենգերի պատճառով

«Արսենալի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը պատմել է, թե ինչու է ատում լոնդոնյան ակումբին: Թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» 33-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ դրան նպաստել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Ինձ դուր է գալիս Ժոզե Մոուրինյոն: Նա ամենաարդար մարզիչներից է, որի հետ երբեւէ աշխատել եմ: Մարզիչներից շատերը երկերեսանի են: Որպես օրինակ կհիշատակեմ Արսեն Վենգերին: Նա ինձ կանչեց գրասենյակ եւ ասաց, որ պետք է հեռանամ «Արսենալից»: Ես ցանկանում էի պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, բայց նա ասաց, որ ես շանս չունեմ: Ես չէի ցանկանում հեռանալ, բայց Վենգերը նշեց, որ մնալու դեպքում ընդհանրապես չեմ խաղալու: Արդյունքում՝ ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Սիթի», իսկ հաջորդ օրը նա ասուլիսում հայտարարեց, թե հեռացել եմ փողի համար: Դրանից հետո սկսեցի ատել «Արսենալը»,- Ադեբայորի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ 2006-2009-ը Էմանուել Ադեբայորն «Արսենալի» կազմում անցկացրել է 142 հանդիպում եւ դարձել 62 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում