20:45  ,  18 հունվարի, 2018

Էմանուել Պետի. Մխիթարյանն իր բնույթով հաղթող չէ եւ հիշեցնում է Օզիլին

Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին, խոսելով «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին, նշել է, որ լոնդոնյան ակումբը չունի նրա կարիքը:

«Մխիթարյանն իր բնույթով հաղթող չէ: Նա բավարար ժամանակ ուներ «Մանչեսթեր Յունայթեդում» դրսեւորվելու համար, բայց ես վստահ չեմ, որ նա ունի հաղթողի հոգեբանություն:

Երբեմն նա ինձ հիշեցնում է Մեսութ Օզիլին: Նրան պետք է դնել անհարմար իրավիճակի մեջ, որպեսզի բնավորություն ցույց տա: Միայն ճնշման տակ է ցուցադրում իր լավագույն որակները: Կասկած չկա, որ Մխիթարյանն ունի գերազանց որակներ, բայց ես կարծում եմ, որ նա այն խաղացողը չէ, որի կարիքն «Արսենալն» ունի»,- Պետիի խոսքը մեջբերում է teamtalk.com-ը:

Հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս