21:12  ,  18 հունվարի, 2018

Մխիթարյանի սիրելի համարները զբաղված են «Արսենալում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելու դեպքում, չի կարողանա ստանալ իր համար սովորական դարձած համարները, գրում է Daily Star-ը:

«Մանչեսթեր Յունայթեդում» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս 22 համարի խաղաշապիկով, իսկ Դորտմունդի «Բորուսիայում»՝ 10 համարը: Դոնեցկի «Շախտյորում» դարձյալ խաղացել է 22-ով, Հայաստանի հավաքականում՝ 18-ով: Սակայն «Արսենալում» 10 համարը պատկանում է Ջեք Ուիլշիրին, 22-ը՝ Ջեֆ Ռեյնե-Ադելաիդին, 18-ը՝ Նաչո Մոնրեալին:

Ազատ են 15 համարը (նախկինում հանդես էր գալիս Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը), 14-ը  («Էվերտոն» տեղափոխված Թեո Ուոլքոթից հետո): Չիլիացի Ալեքսիս Սանչեսի հեռանալուց հետո կազատվի նաեւ 7 համարը:

Հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում