23:04  ,  17 հունվարի, 2018

Հեծանվասպորտի ֆեդերացիան գումար չունի առաջատար մարզիկին Մինսկ գործուղելու համար

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բաց է թողնելու Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որը վերջին վարկանիշային մրցաշարն է փետրվարին կայանալիք հեծանվասպորտի աշխարհի առաջնության համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Էդգար Ստեփանյանը, որն այս պահին աշխարհի լավագույն 16-րդն է հեծանվային սպորտի վարկանիշային աղյուսակում:

«Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը կայանալու է հունվարի 18-ին Մինսկում: Այս մեկն էլ բաց եմ թողնում եւ կրկին չեմ մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով: Արդեն բազմիցս նշվել է, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով որոշվելու են այս տարվա փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին ես 16-րդն եմ: Վերջնական արդյունքները ըստ տեղերի միջազգային ֆեդերացիան կհայտնի հունվարի 24-ին: Հույս ունեմ, որ այս վերջին մրցաշարին չմասնակցելով՝ դուրս չեմ մնա լավագույն 24-ից»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Լուսինե Շահբազյան

Champion's Day. Էդգար Ստեփանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով