13:46  ,  17 հունվարի, 2018

Գիգզի հայր. Հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքը Ռայանի համար չէ

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռայան Գիգզի հայր Դենի Ուիլսոնը խոստովանել է, որ իր ընտանիքը շարունակում է հեռու մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստից: 2011 թվականին հայտնի էր դարձել, որ Գիգզը մոտ 7 տարի սիրավեպ է ունեցել իր կրտսեր եղբայր Ռոդրիի կնոջ՝ Նատաշայի հետ: Իմանալով դա՝ Ռոդրին բաժանվել էր կնոջից, իսկ այդ միջադեպից հետո չի շփվում Գիգզի հետ:

«Նույնիսկ չեմ կարողանում ինձ ստիպել արտասանել նրա անունը: Ես ասում եմ նախկին ֆուտբոլիստ: Նա՝ որպես ավագ եղբայր, պետք է լիներ եղբոր թիկունքին, այլ ոչ թե դանակով հարվածեր հետեւից: Նա սարսափելի կերպով խաբում էր եղբորը, իսկ հետո նույնիսկ չունեցավ ներողություն խնդրելու տղամարդկություն:

Նրա նվաճումների շնորհիվ ես պետք է լինեի ամենահպարտ հայրը, սակայն ես ամաչում եմ նրա համար: Հիմա, երբ նրան տեսնում եմ հեռուստացույցով, անջատում եմ այն: Այդպես վարվում է մեր ամբողջ ընտանիքը: Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքը նրա համար չէ: Նրա վրայից վատ հոտ է գալիս: Հավաքականի մարզիչը պետք է լինի մի մարդ, որին հասարակությունը հարգում է»,- Դենի Ուիլսոնի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռայան Գիգզն Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել էր չորս տարվա պայմանագիր: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում՝ լինելով Դեւիդ Մոյեսի եւ Լուի վան Գալի օգնականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս