10:46  ,  15 հունվարի, 2018

Մեսին գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Ռեալ Սոսյեդադի» դեմ Պրիմերայի 19-րդ տուրի խաղում, 366-րդ գոլն է խփել Իսպանիայի առաջնությունում:

30-ամյա Մեսին գերազանցեց լեգենդար գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը Եվրոպայի թոփ-5 առաջնություններից (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մեկում խփած գոլերի ցուցանիշով: Մյուլերը «Բավարիայի» կազմում 365 գոլ խփել էր գերմանական Բունդեսլիգայում (427 խաղում):

366 գոլի համար Մեսիից պահանջվեց 401 հանդիպում: «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում «Բարսելոնան» կամային հաղթանակ էր տարել 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ վերջին 10 մրցաշրջաններում կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնության խաղում «Ռեալ Սոսյեդադին» չէր հաղթել Սան Սեբաստիանի «Անոետա» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում