18:55  ,  14 հունվարի, 2018

Հայաստանի առաջատար դահուկորդը չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը չի մասնակցի Օլիմպիական խաղերին: Նրան կփոխարինի կրտսեր եղբայրը` Միքայել Միքայելյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշոցքում կայացած դահուկավազքի Հայաստանի առաջնության ընթացքում ասաց Հայաստանի առաջատար դահուկորդ, Սոչի-2014 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը:

«Ես արդեն ունեի օլիմպիական ուղեգիր, բայց վերջին մարզումների ընթացքում ծնկի վնասվածք եմ ստացել եւ մի քանի մեկնարկի դուրս չեմ եկել, ինչի պատճառով կորցրել եմ իմ դիրքը 300 լավագույնների ցուցակում: Ես չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին: Չկարողացա նույնիսկ մասնակցել Հայաստանի առաջնությանը, որն ինձ հնարավորություն կտար բարելավել միավորներս: Ափսոսում եմ, բայց այս Օլիմպիական խաղերը բաց կթողնեմ: Ուրախ եմ, որ արդեն հաստատվել է եղբորս` Միքայել Միքայելյանի մասնակցությունը: Նա նույնպես ունի բավականաչափ միավորներ, որոնք բավարարում են օլիմպիական ուղեգրի համար»,- ասաց Սերգեյ Միքայելյանը:

Հունվարի 12-14-ը Շիրակի մարզի Աշոցք գյուղում կայացած դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունն, ըստ դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի, վերջին վարկանիշային մրցաշարն էր Օլիմպիական խաղերից առաջ:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: Մինչ այս, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մատնանշում էր միայն մեկ մասնակցի` Սերգեյ Միքայելյանի անունը, որն, ըստ ֆեդերացիայի ներկայացուցիչների, ուներ բավարար միավորներ եւ նվաճել էր օլիմպիական ուղեգիր:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Հայաստանի առաջնության ընթացքում խոսեց Սերգեյ Միքայելյանի վնասվածքի մասին եւ պատմեց, որ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունենալու է մեկական դահուկորդ տղամարդկանց եւ կանանց պայքարում:

«Մեր մեծ հույսը Սերգեյ Միքայելյանն էր, բայց, ցավոք, նա չի կարողանա մասնակցել ձմեռային Օլիմպիական խաղերին: Մարզումների ընթացքում ստացած ծնկի վնասվածքի պատճառով նա չկարողացավ իր դիրքը պահպանել 300 լավագույն մարզիկների շարքում: Բայց մենք ունենք երկրորդ համար` Միքայել Միքայելյան, որը կներկայացնի Հայաստանը Օլիմպիական խաղերում: Եվս մեկ աղջիկ մասնակցի հնարավորություն ունենք, բայց դեռ որոշված չէ, թե ով կլինի Օլիմպիական խաղերում դահուկավազքի կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչը:

Դահուկավազքից Հայաստանը կունենա ընդամենը 2 ներկայացուցիչ` մեկ աղջիկ եւ մեկ տղա: Հույսեր ունենք նաեւ լեռնադահուկորդների հետ: Հայաստանի 3 առաջատար լեռնադահուկորդներ Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը հունվարի 14-ին Ծաղկաձորից մեկնեցին լեռնադահուկի վերջին վարկանիշային մրցաշարին, որը կկայանա Իրանում: Լավ մասնակցություն ենք ակնկալում եւ հույս ունենք, որ երեքից գոնե մեկը կբարելավի իր արդյունքը եւ մեկ լեռնադահուկորդ էլ կունենանք Փհենչանում:

Սերգեյ Միքայելյանի մասնակցության համար ընդհանուր հայտարարի եկանք ֆեդերացիայում, որ մեզ համար կարեւորը մեր մարզիկի առողջությունն է: Մենք չենք ցանկանում ուղղակի մասնակցության համար վտանգել մարզիկի առողջությունը: Նա չի մեկնի Օլիմպիական խաղերին: Նա դուրս չեկավ նաեւ մեկնարկի Հայաստանի առաջնությունում: Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար վերջին վարկանիշային աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-21-ը: Միջազգային ֆեդերացիան Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ քվոտաները կուղարկի երկրներին, իսկ հետո արդեն Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կհրավիրի արտահերթ նիստ եւ արդյունքների հաստատումից հետո կուղարկի ՀԱՕԿ»,- մանրամասնեց Գագիկ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում