18:30  ,  14 հունվարի, 2018

Դահուկավազքի Հայաստանի բաց առաջնություն. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը մրցակցությունից դուրս էին

Շիրակի մարզի Աշոցք գյուղում հունվարի 12-14-ը կայացավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 50 դահուկորդներ` Հայաստանից, Իրանից, Չիլիից Մեքսիկայից եւ Տոնգայից: Դահուկորդները պայքարեցին երեք մրցաձեւերում` 5 եւ 10 կմ ազատ ոճ, 5 եւ 10 կմ դասական ոճ եւ 1400 մետր արագավազք (սպրինտ):

Տղամարդկանց պայքարում 10 կմ ազատ ոճում, 10 կմ դասական ոճում եւ սպրինտում հավասարը չունեցավ 18-ամյա Միքայել Միքայելյանը, որը Հայաստանի առաջատար դահուկորդ, Սոչի-2014 Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանի եղբայրն է:

Կանանց պայքարում բոլոր ձեւերում հաղթեց Սոչի-2014-ի մասնակից Կատյա Գալստյանը:

Հայաստանի առաջնությունը նաեւ վարկանիշային էր, որը, ըստ միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի, դահուկորդների համար վերջին վարկանիշային մրցաշարն էր Օլիմպիական խաղերից առաջ:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի առաջնության տեխնիկական պատվիրակ Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց դահուկավազքի Հայաստանի առաջնության արդյունքները:

«Հայաստանի առաջնությունը դահուկավազքի վերջին վարկանիշային մրցաշարն էր Օլիմպիական խաղերի համար: Ունեինք 4 երկրի ներկայացուցիչներ: Արտասահմանից ժամանած դահուկորդները օգտագործեցին Հայաստանի առաջնությունն իրենց արդյունքները բարելավելու նպատակով: Մասնավոր զրույցներից հասկանալի է, որ դրսի մարզիկները բավարարված են հեռանում Հայաստանից, մրցումների անցկացման կարգից, մրցավարությունից շատ գոհ են եւ ցանկություն հայտնեցին մասնակցել Հայաստանում հետագայում անցկացվող մրցաշարերին եւ ուսումնամարզական հավաքներին: Սա նշանակում է, որ մենք այսօր ունենք համապատասխան մարզչական խումբ, մեր մարզիչներն ունեն բարձր որակավորում եւ արդեն քննարկվում է հետագա համատեղ աշխատանքի ծրագրեր:

Եթե նախկինում, մասնավորապես, Օլիմպիական խաղերից առաջ մենք էինք դիմում տարբեր երկրների, որտեղ զարգացած էր դահուկավազքը, այսօր արդեն նրանք են մեզ դիմում օգնության եւ մարզումներ կազմակերպելու հարցում: Հայաստանի առաջնության շնորհիվ ունեցանք եւս մեկ մեծ ձեռքբերում` Աշոցքը: Այս համայնքը փորձելու ենք դարձնել մարզումային եւ մրցումային կենտրոն: Միջազգային ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց, երեք մրցատարածություն գրանցեց եւ մեզ թույլ տվեց Հայաստանի առաջնություն ու վարկանիշային մրցաշար անցկացնել: Հայաստանի առաջնությունն այս տարի ուրախացրեց հայ մասնակիցների քանակով, մասնավորապես, աշոցքցիները շատ ակտիվ եղան առաջնությունում: Այն արդյունքները, որոնք գրանցվեցին այս առաջնությունում, վստահ կարող ենք ասել, որ մրցունակ են միջազգային մրցահարթակում: Ունենք երկու առաջատարներ` Սերգեյ Միքայելյան եւ Միքայել Միքայելյան, ովքեր արդեն ունեն 100-ից ցածր միավորներ (դահուկավազքում բարձր ցուցանիշները հաշվում են նվազող համակարգով): Սա արդեն հաջողության մասին է խոսում: Հայաստանի առաջնությունն էլ է տալիս վարկանիշային միավորներ եւ, ուրախալին այն է, որ Հայաստանում մասնակցելով մրցաշարերի՝ մեր մարզիկները կարող են վաստակել այնքան միավորներ, որքան նրանց անհրաժեշտ է Օլիմպիական խաղերի համար»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Աշոցքում հունվարի 12-14-ը կայացած դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեցին շուրջ 50 դահուկորդներ` Հայաստանից, Իրանից, Չիլիից Մեքսիկայից եւ Տոնգայից: Դահուկորդները պայքարեցին երեք մրցաձեւերում` 5 եւ 10 կմ ազատ ոճ, 5 եւ 10 կմ դասական ոճ եւ 1400 մետր արագավազք (սպրինտ):

Տղամարդկանց պայքարում 10 կմ ազատ ոճում, 10 կմ դասական ոճում եւ սպրինտում հավասարը չունեցավ 18-ամյա Միքայել Միքայելյանը, իսկ կանանց պայքարում բոլոր ձեւերում հաղթեց Սոչի-2014-ի մասնակից Կատյա Գալստյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում