10:16  ,  11 հունվարի, 2018

Զիդանը՝ նոր պայմանագրի եւ «Նումանսիայի» հետ օրինաչափ ոչ ոքիի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Նումանսիայի» հետ մարտական ոչ ոքին (2:2) ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

«Չհաղթեցինք պատասխան խաղում, բայց դուրս եկանք հաջորդ փուլ, ինչն ամենակարեւորն է: Հանդիպեցինք մի թիմի, որն անդադար աշխատում էր եւ ձգտում անցկացնել լավ հանդիպում: Մեզ նույնպես հաջողվեց դա: Արդյունքը օրինաչափ է, քանի որ մրցակիցը պայքարեց մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է քննադատությանը, այն չի անհանգստացնում ինձ եւ չի խոչընդոտի իմ աշխատանքին «Ռեալում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Ֆրանսիացի մասնագետը նաեւ պատմել է, որ արդեն Արքայական ակումբի հետ պայմանավորվել է նոր պայմանագրի հարցում:

«Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականը: Սակայն ես չեմ կարող նայել 3 տարի առաջ: Նոր պայմանագիրը ոչինչ չի ապահովում»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ «Նումանսիայի» դեմ առաջին խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 3:0 հաշվով, ինչի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում