17:50  ,  9 հունվարի, 2018

Հոգեբանական բլից Յանա Եգորյանի հետ. Ինքնավստահ է, սիրում է ամեն ինչում առաջինը լինել

NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների միջոցով:

Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է «Գոյ» կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Շարքի հաջորդ հերոսը Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանն է:

Արեւածա՞գ, թե՞ մայրամուտ:

Մայրամուտ:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Գիշեր:

Տարվա եղանակների՞ց:

Ամառ:

Ակտի՞վ, թե պասի՞վ հանգիստ:

Ակտիվ:

Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞

Ծովափ:

Հեռուստատեսությու՞ն, թե՞ ինտերնետ:

Ինտերնետ:

Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:

Իրական, միայն իրական:

«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:

«Ну погоди»:

Պուտի՞ն, թե՞ Թրամփ:

Պուտին:

Թե՞յ, թե՞ սուրճ:

Ես սիրում եմ ե՛ւ սուրճ, ե՛ւ թեյ:

Տա՞ք, թե՞ սառը:

Սառը:

Սուրճը քա՞ղցր, թե՞ դառը:

Քաղցր:

Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:

Կաթնային:

Լոլի՞կ, թե՞ վարունգ:

Վարունգ:

Դդու՞մ, թե՞ ձմերուկ:

Ձմերուկ:

Սե՞ւ, թե՞ սպիտակ:

Սեւ:

Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:

Եռանկյունի:

Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:

Սիրում եմ թե ստանալ, թե տալ, բայց եկեք միշտ մենք նվեր տվողը լինենք:

Սիրե՞լ, թե՞ սիրվել:

Սիրվել:

Մոռանա՞լ, թե՞ ներել:

Մոռանալ:

Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:

Արդեն չեմ հավատում:

Հոգեբանի վերլուծություն

Յանա Եգորյանը դրական եւ կենսուրախ անձնավորություն է : Սիրում է կյանքը եւ վայելում է այն: Արտաքուստ առանց բարդույթների մարդ է, բայց ներքուստ նույնիսկ պահպանողական է:

Պատասխանները պատմում են նրա ակտիվության մասին: Ուժեղ բնավորության տեր մարդ է: Դժվար է հանձնվում: Նպատակասլաց է: Եթե իր առջեւ որեւէ նպատակ է դնում, կյանքի գնով էլ լինի, հասնում է դրան: Նորամուծությունների կողմնակից է, սիրում է փորձարկումներ անել:

Կյանքին նայում է պարզ ու բաց աչքերով. «վարդագույն ակնոցը» նրա համար չէ: Նրան հեշտ չէ խաբելը. իրականությունը ճիշտ է գնահատում: Յուրաքանչյուր իրավիճակից դուրս եկող է, ճարպիկ:

Առաջնորդ է. սիրում է ամեն ինչում առաջինը լինել: Ինքնավստահ է. յուրաքանչյուր քայլ կատարելիս, համարում է, որ ինքն իրավացի է: Հաճախ անում է այն, ինչ ցանկանում է անել, այլ ոչ թե այն, ինչ պետք է անել: Շրջապատից ակնկալում է, որ իրեն հենց այդպես էլ ընդունեն: Փորձում է լինել միշտ իրավիճակի տերը: Զգացողությունների վրա չի հենվում: Ավելի շատ կենտրոնանում է բուն խնդրի էության վրա եւ չի առաջնորդվում սուբյեկտիվ գործոններով:

Դժվար է ընդունում իր սխալը: Չի սիրում, երբ իրեն հակաճառում են: Տրամաբանության շնորհիվ կարող է իրավիճակներին համապատասխան արդյունավետ լուծում տալ: Հակված է իր ինքնավստահությունն օգտագործել ոչ միայն հօգուտ իրեն, այլեւ շրջապատող մարդկանց: Կարեկից է եւ կարող է ուրիշների խնդիրը իր սեփական խնդիրը դարձնել եւ լուծել: Հարաբերություններում անսահման նվիրվող է, բայց միայն այն դեպքում, երբ իր տվածի չափ փոխադարձը ստանում է: Թվում է, թե նրա հետ հեշտ է, բայց երբեմն կարող է լինել շատ դաժան. եթե որեւէ մեկն իրեն ցավ պատճառի կամ վիրավորի, ուղղակի կջնջի իր կյանքից:

Որպես բնավորության բացասական գիծ՝ ինքն իր վրա կենտրոնացած է: Կյանքում կարողանում է այնպես անել, որ ամեն ինչ ու ամենքը պտտվեն իր անձի շուրջ, այլապես կյանքն անգույն կլինի առանց Յանա Եգորյանի:

Հ. Գ. Յանա Եգորյանը ծանոթացել է հոգեբանի կազմած բնութագրին եւ ընդհանուր առմամբ` համաձայն է հոգեբանի հետ:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հոգեբանական բլից Հովհաննես Բաչկովի հետ. Հումորի զգացումը նրա հիմնական պաշտպանական համակարգն է

Հոգեբանական բլից Արթուր Ալեքսանյանի հետ. Եթե որոշեց, որ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով