09:11  ,  8 հունվարի, 2018

Ուսեյն Բոլթը հույս ունի Ալեքս Ֆերգյուսոնի օգնությամբ հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը չի կորցնում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու հույսը: Ջամայկացի արագավազորդի խոսքով՝ նրան այդ հարցում կարող է օգնել անգլիական ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

«Լիովին վերականգնվել եմ վնասվածքից եւ հավաքել եմ լավ մարզավիճակ: Պատրաստվում եմ մարտին Դորտմունդի «Բորուսիայում» անցնել փորձաշրջան, ինչից հետո կորոշվի, թե ինչպես է դասավորվելու իմ կարիերան: Եթե նրանք ասեն, որ ես լավն եմ, կսկսեմ ֆուտբոլիստի կարիերա: Անհանգստանում եմ այդ կապակցությամբ: Ինձ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Այդպիսի իրավիճակ էր, երբ սկսում էի աթլետի կարիերա:

Իմ գլխավոր երազանքներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելն է: Եթե «Բորուսիայում» ասեն, որ բավականաչափ լավն եմ, կսկսեմ ջանասիրաբար մարզվել: Այդ առթիվ խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ եւ խնդրել նրան ինձ համար բարեխոսել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ասաց, որ եթե ես լինեմ լավ մարզավիճակում, կմտածի, թե ինչ կարելի է անել»,- 31-ամյա աթլետի խոսքը մեջբերում է Daily Express-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում