21:30  ,  4 հունվարի, 2018

Մահացել է ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը

87 տարեկանում մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի եւ ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, որը վերջին տարիներին բնակվում էր Կանադայում, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արմենակ Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին տեղափոխվել է Երեւան եւ սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում: 1954 թվականին տեղափոխվել է ղազախական «Բուրեւեստնիկ», իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

1953, 1961, 1963 եւ 1965 թվականներին Արմենակ Ալաչաչյանը  ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964-ին՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ընդգրկվել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի «Փառքի սրահում»։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է լեգենդար բասկետբոլիստի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բարեկամներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում