17:10  ,  31 դեկտեմբերի, 2017

Միջազգային սպորտ-2017. Գլխավոր իրադարձությունները (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ը ներկայացնում է անցնող տարվա 10 գլխավոր իրադարձությունները միջազգային սպորտում:

Գարի Կասպարովի վերադարձը եւ Լեւոն Արոնյանի հաղթանակը

2005 թվականին կարիերան ավարտած շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը որոշում ընդունեց օգոստոսին մասնակցել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի մրցաշարին, որին մասնակցեց նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: 12 տարվա բացակայությունը հետեւանք ունեցել էր, եւ Կասպարովը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ նոր սերնդի ներկայացուցիչներին՝ 10 մասնակիցների մեջ գրավելով 8-րդ տեղը: Հաղթողի կոչումը նվաճեց Լեւոն Արոնյանը:

Լեգենդար Ուսեյն Բոլթի կարիերայի ավարտը

2017 թվականին մարզական կարիերան ավարտեց աշխարհի ամենաարագ մարդ, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, 8-ակի օլիմպիական չեմպիոն, 11-ակի աշխարհի չեմպիոն Ուսեյն Բոլթը: Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բոլթը հաղթանակ չունեցավ, վերջին մրցման ժամանակ էլ վնասվածք ստացավ:

4х100 մ փոխանցումավազքում 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ջամայկայի թիմի կազմում վերջինը ստացավ փայտիկը, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ հատել եզրագիծը եւ ընկավ վազքուղու վրա: Լոնդոնում Ուսեյն Բոլթը հանդես էր եկել նաեւ 100 մետր վազքում, որում բավարարվել էր երրորդ տեղով՝ առաջ թողնելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին (9.92) եւ Քրիստիան Քոուլմանին (9.94): Ջամայկացի 30-ամյա արագավազրոդի արդյունքն էր 9.95 վայրկյան:

Ռուսաստանի օլիմպիական որակազրկումը

Հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին զրկեց 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի 13 մեդալներից եւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին առանձին պատվիրակությամբ մասնակցելու իրավունքից: Դոպինգի հետ երբեւէ առնչություն չունեցած եւ օլիմպիական ուղեգրեր նվաճած ռուսաստանցի մարզիկները հանդես կգան օլիմպիական դրոշի տակ եւ կներկայացվեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:

Սերենա Ուիլյամսը՝ դարձյալ առաջին ռակետ

2017թ. Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում ավագ քրոջը հաղթելուց հետո ամերիկացի Սերենա Ուիլյամսը 20 շաբաթվա ընդմիջումից հետո դարձյալ դարձավ աշխարհի առաջին ռակետ: Հետագայում հայտնի կդառնա, որ նա Ավստրլաիյի բաց առաջնությանը մասնակցել է հղի: 2017-ին Սերենան ամուսնացավ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ եւ սեպտեմբերին ծնվեց նրանց առաջնեկը՝ դուստր Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:

Ռաֆայել Նադալի փառահեղ տարին

Համաշխարհային թենիսի լեգենդ Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն տիտղոսը եւ երրորդ անգամ հավասարը չունեցավ ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Մրցաշրջանի ընթացքում 31-ամյա Նադալը նվաճեց ATP 6 տիտղոս (Մոնտե Կարլո, Բարսելոնա, Մադրիդ, US Open, «Ռոլան Գարոս»), (75 տիտղոս կարիերայի ընթացում) եւ տարին ավարտեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում:

Ռոջեր Ֆեդերերի ցնծությունը Ավստրալիայում եւ Ուիմբլդոնում

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ապացուցեց, որ դեռ վաղ է իրեն դուրս գրել առաջատարների շարքից եւ համարել վետերան: 36-ամյա լեգենդար մարզիկը 5-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում եւ 8-րդ անգամ՝ Ուիմբլդոնի մրցաշարում: Ռոջեր Ֆեդերերը 19-րդ տիտղոսը նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:

Ֆեդերերը տարին ավարտեց համաշխարհային դասակարգամն երկրորդ տեղում:

«Դարի մենամարտ». Ֆլոյդ Մեյվեզեր vs Քոնոր Մաքգրեգոր

Լաս Վեգասում տեղի ունեցած սուպերմենամարտում պարտություն չկրած 40-ամյա ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ խառը մենամարտերի UFC չեմպիոն, 29-ամյա իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որն առաջին անգամ էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում:

Մեյվեզերը 50-րդ հաղթանակը տարավ եւ գերազանցեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդը՝ 49 հաղթանակ

Մեյվեզերը ստացավ 100 միլիոն դոլար, 29-ամյա Մաքգրեգորը՝ 30 միլիոն: Այս հոնորարների մեջ ներառված չեն բոնուսներն ու տոմսերի եւ վճարովի հեռուստաեթերի եկամուտից նրանց հասնող տոկոսները: Մեյվեզերի վերջնական եկամուտը հասավ 400 միլիոն դոլարի, Մաքգրեգորինը՝ 127 միլիոնի:

 Բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը չորրորդ անգամ հռչակվեց Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:

Մեքսիկայի Մեծ մրցանակում «Մերսեդեսի» առաջատարը գրավեց 9-րդ տեղը, սակայն դա նրան չխանգարեց ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը:  Մրցաշրջանի վերջին 2 Մեծ մրցանակներից առաջ բրիտանացի արշավորդն անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն դարձել էր նաեւ 2008, 2014 եւ 2015 թվականներին: Նախորդ տարի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Մերսեդեսի» նախկին արշավորդ Նիկո Ռոսբերգը, որը հաղթանակից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում ուրվագծվում է նոր առաջատար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան այս տարի ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին հաղթելուց հետո նաեւ գերազանցեց ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ռեկորդը:

Կամերունցի Կարլոս Տակամի նկատմամբ հաղթանակից հետո 28-ամյա Ջոշուան դարձավ առաջին բռնցքամարտիկը, որ գերծանր քաշային կարգում մեկնարկում է 20 նոկաուտով: Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում նոկաուտով հաղթել էր մեկնարկային 19 մենամարտերում:

20 մենամարտ անցկացրած եւ նույնքան հաղթանակ տարած Էնթոնի Ջոշուան այս տարվա ապրիլին հաղթել էր նաեւ Վլադիմիր Կլիչկոյին, որն առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն եւ ավարտեց կարիերան: Բռնցքամարտի մասնագետների կարծիքով, գերծանր քաշային կարգում ուրվագծվում է նոր ընդգծված առաջատար

 

Գեղասահքում թարմացվեցին աշխարհի ռեկորդները

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում աշխարհի ռեկորդները թարմացվեցին ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում:

2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուձուրու Հանյուն կարճ եւ ազատ ծրագրերի հանրագումարում հավաքեց 321.59 միավոր եւ սահմանեց աշխարհի ռեկորդ:

Կանանց պայքարում փայլեց ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան), որը նաեւ պաշտպանեց մենասահքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկու ծրագրերի հանրագումարում Մեդվեդեւան գրանցեց 233,41 միավոր եւ բարելավեց աշխարհի նախորդ ռեկորդը, որը եւս իրեն էր պատկանում:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է:

Կարդացեք նաեւ՝ 

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները

Հայկական սպորտ-2017․ 10 գլխավոր իրադարձությունները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում