17:45  ,  28 դեկտեմբերի, 2017

Սիմոն Մարտիրոսյան. Երբեք այսպիսին չեմ պատկերացրել ծանրորդի ապագան

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի համար 2017-ում նվաճել է 12 մեծ եւ փոքր ոսկե մեդալ: Բոլոր մրցաշարերից 20-ամյա ծանրորդը վերադարձել է չեմպիոնական տիտղոսներով: Ինչպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն է ծանրորդին որակում` «գերհզոր Սիմոնը»  2017-ի Եվրոպայի չեմպիոնն է` 414 կգ (184+230),  աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը` 426 կգ (191+235),  Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնը` 401 կգ, մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնը եւ ռեկորդակիրը` 433 կգ (197+236):  

Այս բարձր նվաճումներից հետո մնում էր միայն աշխարհի առաջնության ոսկե մեդալը, սակայն ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման պատճառով օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ պայքարել ԱԱ-ի չեմպիոն կոչման համար:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար Սիմոն Մարտիրոսյանն ամփոփել է չեմպիոնական տարին:

Սիմոն Մարտիրոսյանի «ոսկե» 2017-ը

2017-ը շատ լավ տարի էր ինձ համար: Սկիզբը շատ հաջող ստացվեց: Պատրաստվում էի աշխարհի առաջնությանը, որին, ցավոք, չմասնակցեցինք: Չեմ հուսահատվում: Հաջորդ տարի կմասնակցենք: Անցնող տարում անձնական եւ սպորտային կյանքում անհաջողություններ չունեցա: Միայն աշխարհի առաջնությանը չմասնակցելը կհամարեմ անհաջողություն: Իսկ մնացած բոլոր մրցաշարերում եւ առաջնություններում շատ հաջող մասնակցություն ունեցա: Այս տարի յուրաքանչյուր մրցման ինչ ակնկալիքով մեկնում էի, դրանով հետ էի վերադառնում. խոսքը ոսկե մեդալների մասին է:

Առաջնություններն ու մրցաշարերը չեմ առանձնացնում: Բոլորն էլ կարեւոր են ինձ համար, բոլորն էլ իրենց դերն ու տեղն ունեն իմ մարզական կարիերայում: Յուրաքանչյուր մրցաշարում, որտեղ ինձ հաջողվեց չեմպիոն հռչակվել, հիշարժան օր եմ համարում ինձ համար: Երեւի թե կառանձնացնեմ երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի, նաեւ երիտասարդների աշխարհի ռեկորդ սահմանեցի` 197 կգ պոկում վարժությունում: 246 կգ հրում վարժությունում երկրորդ մոտեցումի պահեցի գլխավերեւումս:

Տարվա բացթողումը…

Տարվա բացթողումս աշխարհի առաջնությանը չմասնակցելն էր: Սա մեր պատճառով չէր, բոլորն էլ գիտեին: Բայց համոզված եմ, որ մասնակցության դեպքում մեդալներով կվերադառնայինք:

Սիմոն Մարտիրոսյանը` հայկական ծանրամարտի «դեմք»…

Երբեք այսպիսին չեմ պատկերացրել ծանրորդի ապագան, չեմ մտածել, որ կարող եմ ռեկորդներ սահմանել, օլիմպիական փոխչեմպիոն դառնալ: Յուրաքանչյուր հաղթանակ ավելի մեծ նպատակի եւ հաղթանակի է բերում, նպաստում է, որ էլ ավելի ոգեշնչված մարզվեմ եւ դուրս գամ մրցահարթակ, էլ ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնեմ: Բայց երբեք չէի պատկերացնի, որ մարզական կարիերայումս կլինի այնպիսի շրջան, որ լավագույն մարզավիճակում գտնվելով, պատրաստ լինելով մեծահասակների աշխարհի առաջնությունում մեդալային պայքարին, հանկարծ մեզ կարգելեն մասնակցել ԱԱ-ին: Գուցե հենց այս պատճառով սա չի եղել իմ պատկերացրած ծանրորդի ապագան: Հույս ունեմ, որ ապագան ավելի լավը կլինի:

Երբ ամեն մրցումից վերադառնում ես մեդալով, այն էլ ոսկե մեդալով, պարտավորվածության զգացումն էլ ավելի է մեծանում, որ հաջորդն էլ, դրանից հետոյինն էլ կրկին ոսկե վերադարձ ունենաս հայրենիք: Պարտավորեցնող է, երբ մի ամբողջ ազգ քեզ հետ հավասար ապրում է պայքարիդ վայրկյանները եւ ցնծում ուրախությամբ, երբ ոսկե մեդալը փայլում է կրծքիդ: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ուղղակի իրավունք չունես «թուլանալ», քո ազգին դադարել ուրախացնել: Պարտավորեցնող է նաեւ քեզնից հետո եկող սերնդի համար առաջատարի դիրքը պահպանելու համար: Նոր եկող սերունդը մեզ է նայում, մեզնից է օրինակներ վերցնում: Պետք է այնպես քեզ դրսեւորես, որ օրինակելի լինես:

Այն հաջողությունները, որ կարողացել եմ գրանցել մինչ օրս, սա ես համարում եմ իմ մարզական կարիերայի դեռ միայն սկիզբը: Սկզբի համար այս ամենն իհարկե խոստումնալից է, բայց ապագան էլ ավելի լավ եմ պատկերացնում:

Սիմոն Մարտիրոսյանի հաջողության ուժը

Հաջողության միայնակ չեն հասնում: Յուրաքանչյուր մարդ իր դերն ունի այդ հաջողության մեջ` սկսած մերսողից, բժշկից… Իմ հաջողությունների հիմքը մարզիչներս են` Փաշիկ Ալավերդյանը, Վիգեն Խաչատրյանը եւ անձնական մարզիչ, ինձ, որպես ծանրորդի ծնած, մեծացրած Աշոտ Փիլոսյանը: Հաջողության ուժը անսպառ աշխատանքն է եւ մարզիչներին լսելու կարողությունը:

Չեմպիոն դառնալու գաղտնիքը

Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, նախ պետք է ինքդ քեզ չխնայես եւ ամեն օր անդադար մարզվես, զրկես քեզ շատ բաներից ու նվիրվես սպորտին, պետք է շատ մեծ ցանկություն ունենաս` չեմպիոն դառնալու, պետք է շատ ուզես: Պետք է նաեւ շատ վստահ լինես քո վրա, քո ուժերի վրա, որ դու կարող ես չեմպիոն դառնալ: Բայց նախքան այդ լավ մարզավիճակի պետք է հասնել քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

2017-ի չիրակացված երազանքը

Որպես այդպիսին երազանք չեմ ունեցել այս տարի: Նպատակ է եղել. այս տարում գլխավոր նպատակս աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ: Մնացած բոլոր նպատակներս, որոնք իմ առջեւ դրել էի 2017-ի սկզբին, իրականացավ` Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր, Ունիվերսիադայի չեմպիոն եւ մյուս միջազգային մրցաշարերի հաղթող: Ես վստահ էի, որ այս բոլոր մրցաշարերում կհաղթեմ, ինչպես որ վստահ էի, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կնվաճեմ: Գերնպատակս հենց դա էր, բայց…

2018-ի երազանքներն ու նպատակները

2018-ի նպատակս աշխարհի առաջնությունն է: Եկող տարում շատ կուզեմ աշխարհի առաջնությունում լավ մասնակցություն ունենալ եւ հաղթել:  

Ինչպես միշտ Նոր Տարին ընտանիքիս հետ կդիմավորեմ: Սա այն տոնն է, որ պետք է ընտանիքի հետ, ընտանեկան միջավայրում քո տանը դիմավորես:

Օլիմպիական փոխչեմպիոն դառնալուց 1,5 տարի անց…

Կարծում եմ` իմ կյանքում ոչինչ չի փոխվել օլիմպիական փոխչեմպիոն դառնալուց հետո, աստղային հիվանդությունով չեմ վարակվել, կարծում եմ՝ դրա մասին հանրությունն էլ ավելի լավ կփաստի: Միայն ոգեւորությունս է ավելացել, ներքին վստահությունս ու հավատս իմ նկատմամբ: Օլիմպիական մեդալը յուրաքանչյուր մարզիկի ներքին ուժ է տալիս եւ հավատ, որ դու կարող ես յուրաքանչյուր մրցաշարում ավելի լավ մասնակցություն եւ մեդալային պայքար մղել: Օլիմպիական արծաթե մեդալը գուցե իմ կյաքում փոխել է այն, որ ես կարող եմ հաղթող լինել, ինչն էլ ուժ է տալիս ավելի մեծ ընթացքով առաջ շարժվել:

Անձնական կյանքումս դեռ փոփոխություններ չկան: Դեռեւս 20 տարեկան եմ, ու դեռ իսկական մեծ սերը, լուրջ սիրահարվածությունը չեմ ապրել: Չեմ շտապում սիրո հարցում, ամեն ինչն էլ իր ժամանակն ունի: Կարճ սիրահարվածություններ, համակրանք լինում է, ինչպես բոլորի մոտ, բայց ես սպասում եմ մեծ սիրուն: Կան մարզիկներ, որոնց սիրահարված վիճակը խանգարում է սպորտում, բայց ինձ հետ նման դեպքեր չեն եղել. թույլ չեմ տալիս, որ անձնականը խանգարի սպորտին:

Հույզերից  հեռու Սիմոնը

Էմոցիոնալ մարդ չեմ. շատ հանգիստ մարդ եմ: Դա զգացվում է իմ մրցումների վերջում պատվո հարթակ դուրս գալուց հետո: Վճռորոշ քաշը բարձրացնելուց հետո շատ ծանրորդներ լի էմոցիաներով ուրախանում են, լացում են, պարում, իսկ ինձ համար կարեւորն այնտեղ հաղթելն է: Եթե գնում ես հաղթելու նպատակով ու հաղթում ես, այդքան էմոցիա չի արթնացնում մեջդ: Լինում են դեպքեր, երբ մարզիկները գալիս են եւ բախտի բերմամբ կամ պատահմամբ չեմպիոն դառնում, իրենց էմոցիաները, գուցե, հասկանալի է: Ես չեմ հիշում, որ պատվո հարթակին երջանկության արցունքներ լինեն աչքերիս, բայց անսահման ուրախ եղել եմ. Օլիմպիական խաղերի ժամանակ էի շատ ուրախ: Կարծում եմ` երջանկության արցունքներ կլինեն, երբ  հասնեմ իմ կյանքի մեծ նպատակին` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս