19:42  ,  27 դեկտեմբերի, 2017

ՀԱՕԿ նախագահ. Ծառուկյանի եւ նախագահի մեղքը չի, որ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ մեր մյուս մեդալակիրները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում

Ծառուկյանի եւ երկրի նախագահի մեղքը չի, որ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ մեր մյուս մեդալակիրները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում: Նրանք պետք է չնեղվեն: Երկրի նախագահի հետ քննարկեցինք եւ որոշեցինք այս տարի եւ այսուհետ այսպես անցկացնել քվեարկությունը, որպեսզի հետո չլինեն զրույցներ, թե ինչու Պողոսը կա տասնյակում, իսկ Պետրոսը՝ ոչ:

Այս մասին Հայաստանի լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանն ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, ով տասը լավագույն մարզիկներին պարգեւատրեց ավտոմեքենաներով:

«Երբ այսպիսի հաջողություններ են լինում սպորտում, դու քեզ լավ ես զգում, որ հայ ես, որ քո երկրի դրոշն է բարձրանում, հիմն է հնչում: Քանակով քիչ ենք, բայց մեր հաղթանակները շատ մեծ են: Երբ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում է 7 ոսկի, որից երկուսը գալիս է քո երկիր, սա հպարտություն է: Եվրոպայի առաջնություններում, երբ մեր մարզիկները չեմպիոններն են դառնում, ուրախանում ես քո երկրի համար: Այս հաղթանակները մեզ մեծ ճանաչում են տալիս: Մեզ մեծ ճանաչում է բերում նաեւ Հենրիխ Մխիթարյանը. նա այսօր 50 լավագույն մարզիկների մեջ է: Այս տարի միայն 284 հազար անգամ հնչեցվել է «Հենրիխ Մխիթարյան» եւ «Արմենիա»: Նա իր անունով ճանաչել է տալիս ամբողջ աշխարհի Հայաստանը: Իսկ այսքան նրա անունը հիշատակելն աշխարհին ցույց է տալիս, որ Հայաստանն ունի այդպիսի ուժեղ ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանը մեծ հայրենասեր է, իսկ հաղթանակների պահերին հայոց եռագույնը նրա ձեռքին է:

Եթե 2016 թվականի 174 մեդալ էինք նվաճել, այս տարի մեդալների քանակը դարձել է 201` 61 ոսկե, 49 արծաթ, 91 բրոնզ: Դեռ շատ աշխատանք կա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում է որոշվել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը հանձնել Սպորտի նախարարությանը:

«Քանի որ լավագույն տասնյակի թեկնածուները 25-ն էին, որոշեցինք, եւ եթե նախորդ տարիների պես անցկացնեիք քվեարկությունը, շարունակվելու էին խոսակցությունները, թե ինչու Պողոսը կա, Պետրոսը չկա, որոշեցինք այս քվեարկությունը երկրի նախագահի հետ քննարկումների արդյունքում հանձնել Սպորտի նախարարությանը, որը նոր ձեւաչափ մշակեց: Այս տասնյակն ընտրել են հանրությունը եւ մարզական լրագրողները»,- ասաց ՀԱՕԿ նախագահը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով