18:54  ,  27 դեկտեմբերի, 2017

Սերժ Սարգսյան. Անցնող տարում մարզաշխարհի ներկայացուցիչները արձանագրեցին լուրջ հաջողություններ (ֆոտո)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրությանը:

«Անցնող տարում մեր մարզաշխարհի ներկայացուցիչները իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ: Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ կարեւոր: Դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ ոգեւորություն: Զանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մասը: Ժողովրդական խոսքն ասում է` հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջներին պահելն ու պահպանելը: Մարդիկ պետք  վարեն առողջ կենսակերպ: Այս հաղթանակները մեզ համար նաեւ թանկ են մասնավորապես Հայաստանի հանրահռչակմանը նպաստելու առումով: Շնորհակալ եմ Հայաստանի պատիվը բարձր պահող, բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկներին: Դուք արժանի զավակներ եք, եւ մենք հպարտանում ենք ձեզնով:

Այս անգամ փորձ է արվել նոր կարգով անցկացնել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը: Հաղթանակները պետք է նվաճվեն արդար մրցակցությամբ: Այս տարվա լավագույն մարզիկների տասնյակը ճանաչվում է ողջ սպորտային համայնքի, հանրության, մարզական լրագրողների կողմից:

Արդեն հանձնարարել եմ քննարկել եւ մշակել սփյուռքի մարզական կառույցների եւ սփյուռքահայ մարզիկների ներգրավումը այս մրցանակաբաշխությանը: Դա այս միջոցառմանը կհաղորդի նոր տրամաբանություն եւ որակ:

Համոզված եղեք, որ ձեր առջեւ ծառացած խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են լինելու մշտապես: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին սպորտի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու եւ հայկական սպորտի զարգացմանը նպաստելու համար»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ երկրի ղեկավարը կհեռանար բեմից, Գագիկ Ծառուկյանը իր կողմից նվեր հանձնեց երկրի նախագահին եւ խնդրեց իր ձեռքով ավտոմեքենա նվիրել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին:

Սերժ Սարգսյանը հանձնեց մրցանակը եւ ասաց.

«Ինչքան ոգեւորիչ են այսպիսի միջոցառումները: Իսրայել Միլիտոսյանը  անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է եւ երկար ժամանակ մոռացության էինք  մատնել նրան: Ես ներողություն եմ խնդրում, որ երկար ժամանակ անուշադրության եւ մոռացության ենք տվել ձեր վաստակը հայկական մեծ սպորտում»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը մի շարք մարզիչների հանձնեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչումներ, եւ Հայաստանի վաստակավոր մարզչի կոչումներ:

Արթուր Ալեքսանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց անվանական զենքով, որը օլիմպիական չեմպիոնին հանձնեց Սերժ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով