10:40  +04,  26 դեկտեմբերի, 2017

Արթուր Ալեքսանյան. Դժվար ու բազմաթիվ խոչընդոտներով լի ճանապարհը պետք է անցնես, որ հասնես հաղթանակի

NEWS.am Sport-ը շարունակում է մրցաշրջան-2017-ի ամփոփումը հայկական սպորտի չեմպիոնների հետ:

Եթե միջազգային մրցագորգ է դուրս գալիս Արթուր Ալեքսանյանը, բոլոր հայ մարզասերները միահամուռ օլիմպիական չեմպիոնի կրծքին ցանկանում են տեսնել միայն ոսկե մեդալ: Այլ գույնի մեդալով «Ճերմակ Արջին» հայ հանրությունը չի սիրում տեսնել: Եթե նույնիսկ Արթուր Ալեքսանյանը խոշոր մրցաշարում նվաճում է արծաթե կամ բրոնզե մեդալ, բոլորը մի տեսակ տխրում են:

Այդպես եղավ 2017 թվականի մայիսի 6-ին Սերբիայում կայացած Եվրոպայյի առաջնությունում, որին օլիմպիական չեմպիոնը մասնակցեց ծնկի վնասվածքով եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Սակայն Արթուր Ալեքսանյանը չթողեց, որ իրեն երկրպագող մի ամբողջ ազգ երկար տխրի եւ օգոստոսի 31-ին նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար օլիմպիական չեմպիոնն ամփոփել է անցնող տարին:  

Օլիմպիական չեմպիոնի 2017 թվականը…

Անցնող տարին հաջողված էր. դարձա աշխարհի եռակի չեմպիոն: Օլիմպիական խաղերից հետո վնասվածքներ շատ ստացա ու տարվա սկզբում դրանք ինձ շատ խանգարեցին, շատ միջազգային մրցաշարեր բաց թողեցի: Եվրոպայի առաջնությանը ոչ լիարժեք պատրաստված մասնակցեցի, որովհետեւ վնասվածքով հանդես եկա: Նույնիսկ մտածում էի, որ չեմ մասնակցի, բայց վերջին օրը մտափոխվեցի եւ դուրս եկա մրցագորգ: Բայց դրանից հետո ինձ հիմնական խանգարող վնասվածքները հաղթահարեցի, պատրաստվեցի ավելի լավ, բոլոր ուժերս կենտրոնացրեցի աշխարհի առաջնության վրա եւ երրորդ անգամ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի առաջնությունն այս տարվա ամենակարեւոր մրցաշարն էր, եւ հենց դրանով էլ տպավորվել է այս տարին: Կարծում եմ եւ մեծ հույս ունեմ, որ վնասվածքներս այլեւս ինձ չեն խանգարի, վերջերս էլ եւս մեկ բուժման կուրս անցա Վրաստանում: Այժմ, իհարկե, ոչ լիարժեք, բայց մեծամասամբ ապաքինվել եմ, բժիշկների խոսքով` աստիճանաբար ցավերը կվերանան եւ 2018-ում ավելի լավ պատրաստված դուրս կգամ գորգ:

Տարվա բացթողումը

Բարդություններս պայմանավորված էին մի շարք մրցաշարեր բաց թողնելու հետ: Մեծ հիասթափություն ունեցա Եվրոպայի առաջնությունում, որին իսկապես չկարողացա լիարժեք պատրաստվել: Այս տարվա միակ բացթողումս համարում եմ Եվրոպայի առաջնությունը եւ այնտեղ ոչ լավ մասնակցություն ունենալը: Լավ չմասնակցեցի այն առումով, որ ոսկե մեդալի էի գնացել, բայց չնվաճեցի: Իսկ դրանից հետո արդեն բոլոր մրցաշարերը լավ է եղել ինձ համար:

Ամենահիշվող օրը

Երեւի, իմ հիշողության մեջ միշտ կհիշվի աշխարհի առաջնության եզրափակիչի եւ երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու օրը` օգոստոսի 21-ը: Եվրոպայի առաջնությունից հետո ինձ, իրոք, այդ հաղթանակը շատ պետք էր, քանի որ ներքուստ ինքս ինձ հետ էի կռիվ տալիս, որ կարողանամ նախ՝ հաղթահարել վնասվածքս: Ինքս ինձ համոզում էի, որ եթե նույնիսկ վնասվածքով մեկնեմ աշխարհի առաջնությանը, միեւնույն է, պետք է հաղթեմ եւ ոսկե մեդալ նվաճեմ: Այդ ժամանակ ինձ համար նույնսիկ կապ չուներ, թե ինչ բարդության կլիներ վնասվածքս:

Արթուր Ալեքսանյանը` հայկական սպորտի «բրենդ»…

Պարտավորցներող է… Ինձանից բոլորը ոսկի են սպասում, եւ ոսկուց բացի, ուրիշ գույնի մեդալ կարծես մեր սպորտասեր հասարակությունը չի սիրում իմ կրծքին տեսնել: Այս ամենը պարտավորեցնող է: Ես էլ փորձում եմ ամեն գնով արդարացնել յուրաքանչյուր հայի ակնկալիք, հուսախաբ չանել, ավելի շատ մարզվել, ավելի շատ նվիրվել սպորտին եւ շարունակել ուրախացնել բոլորին:

Հայկական սպորտի նվիրյալ

Երբեք չեմ հոգնում մշտապես պայքարի մեջ լինելուց: Իմ առջեւ դրել եմ նպատակ` մինչեւ 2020 թվականը լավ արդյունքներ ունենալ, շարունակել հաղթանակներով վերադառնալ մրցաշարերից եւ այդպես շարժվել դեպի Օլիմպիական խաղեր: Եվ որքան էլ այդ ճանապարհը բարդ լինի, հիասթափություններ լինեն, գիտակցում եմ, որ այդ ամենը մարզիկի համար է եւ պետք է ուղղակի հաղթահարել դժվարությունները: Առանց այդ պայքարի, հաղթանակի չես կարող հասնել: Հաղթանակի ճանապարհը միշտ էլ դժվար է եւ այդ դժվար ու բազմաթիվ խոչընդոտներով լի ճանապարհը պետք է անցնես, որ հաղթանակի հասնես: Չեմ ճանաչում որեւէ մարզիկի, որը հեշտ ճանապարհով հասած լինի հաղթանակի:

Հաջողության գրավականը

Այս տարիներն իմ մարզական կարիերայի ամենալավ տարիներն են: Իմ հաջողության գրավականը մեր ժողովրդի ուրախությունն է. ես կրկնակի ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե մեր ազգը որքան է ուրախանում մեր հաղթանակներով: Յուրաքանչյուր մրցաշարի մեկնելիս իմ առջեւ դնում եմ մի նպատակ` անպայման հաղթել, որ մեր եռագույնը բարձրանա եւ մեր հիմնը հնչի աշխարհի տարբեր երկրներում:

2017-ում իրականացած երազանքը…

Երազանքս միայն սպորտային է եղել. Օլիմպիական խաղերից հետո մտավախություն ունեի, որ բոլորը կմտածեն, թե ես սպորտում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճել եմ եւ այլեւս այն նույն ոգեւորությամբ եւ եռանդով գուցե չմարզվեմ, նոր հաջողություններ չգրանցեմ: Հենց այս մտավախությունից ելնելով 2017-ում իմ առջեւ նպատակ էի դրել նորից բարձր նվաճումներ գրանցել, բարձր արդյունքներ ունենալ: Իսկ երազանքս կապված էր աշխարհի առաջնության հետ, որ հաղթեմ ու մեկնարկ տամ նոր օլիմպիական շրջափուլին, որ բոլորը հասկանան` հաղթանակները շարունակական են լինելու, եւ ես դեռ դադար չեմ տալու:

2018-ի երազանքներն ու նպատակները…

Այժմ բուժման կուրսից հետո վերադարձել եմ մարզումներիս: Մարզվում եմ օրը երկու անգամ: Նույն ոգով մարզումներս շարունակելու եմ նաեւ 2018-ում. ցանկանում եմ Եվրոպայի եւ աշխարհի առաջնության ոսկե մեդալներս ավելացնել: Մինչ այդ տոնական տրամադրությամբ կդիմավորենք Նոր Տարին:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց 1,5 տարի անց…

Օլիմպիական չեմպիոն դառնալն ինձ համար գերնպատակ էր եւ ես հասել եմ դրան: Բայց 1,5 տարի անց չեմ փոխվել մարդկային տեսնակյունից: Ամեն ինչ նույն է` նպատակներս ու երազանքներս՝ եւս: Օլիմպիական խաղերից առաջ մտածում էի, որ եթե օլիմպիական չեմպիոն դառնամ, գերնպատակիս հասնեմ մեծ սպորտում, գուցե այլեւս ցանկություն չլինի մարզվել… Բայց հիմա հասկանում եմ, որ ոչ. նվաճել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, բայց դեռ նույն ցանկությունն ունեմ եւ նույն եռանդով, ինչպես օլիմպիական չեմպիոն դառնալուց առաջ, մարզվում եմ: Ցանկանում եմ, որ հաղթանակներս շարունակական լինեն, իսկ 2020-ին, եթե վնասվածքները չխանգարեն, դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ