12:15  ,  25 դեկտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյան. Լավագույն տարբերակը Բաքու չմեկնելն է

Մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նոր նախագահը ադրբեջանցի է, ինչի պատճառով այլեւս Բաքվում կայայալիք մրցաշարերին չենք կարող մասնակցել: Իսկ աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլեր, որոնք նաեւ օլիմպիական վարկանիշներ են տալիս, կայանալու են Բաքվում: Այնպես չէ, որ մեզ թույլ չեն տալիս կամ կարող են խոչընդոտել: Ուղղակի, եթե հանկարծ որեւէ մեկը մեր մարզիկների վրա տրիբունաներից շիշ նետի կամ հայհոյի, որպես հայ չենք կարող լռել: Լավագույն տարբերակն ուղղակի Բաքու չմեկնելն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն իր 2 սաների՝ Հարություն Մերդինյանի եւ Արթուր Թովմասյանի հետ ամփոփեց անցնող տարին:

Հակոբ Սերոբյան. «Տարին հաջող էր, հագեցած մրցաշարերով: Ունեցանք  7 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե: Եթե երիտասարդների արդյունքներն էլ հաշվենք, մեդալների քանակն ավելի շատ կլինի: Լավ արդյունք եմ համարում նաեւ Հարություն Մերդինյանի աշխարհի առաջնության 5-րդ տեղը: Օրերս էլ Հայաստանի թիմը մեդալներով վերադարձավ Մոսկվայում կայացած Վորոնինի մրցաշարից: Եթե մեր պայմանները լինեն ավելի լավ, արդյունքները կլինեն ավելի բարձր: Մեր տարրերի բարդությունը պետք է ավելացնել, այլապես անիմաստ կլինի պայքարի մեջ մտնել: Իսկ տարրերի բարդությունն ավելացնելու համար համապատասխան պայմաններ, գույք չունենք դահլիճում:

2018-ին ունենք երիտասարդների Եվրոպայի առաջնություն, թիմով պետք է մասնակցենք, որպեսզի վարկանիշ ձեռք բերենք 2019 թվականի Եվրոպական խաղերի համար: Երիտասարդները պետք է Եվրոպական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցնեն, որպեսզի զինծառայության տարկետում ստանան:  2020 թվականին Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կայանալու է Բաքվում, որին մենք չենք մասնակցի: Իսկ սա թերեւս երիտասարդների վերջին հնարավորությունը կլիներ տարկետման համար լավ արդյունքներ գրանցելու համար: Մեր միակ հնարավորությունը Եվրոպական խաղերն են: Եվրոպայի ֆեդերացիայի նախագահն ադրբեջանցի է, ինչի շնորհիվ շատ կարեւոր մրցաշարեր անցկացվելու են Բաքվում, իսկ մենք բաց ենք թողնելու Բաքվում կայանալիք յուրաքանչյուր մրցաշար: 2018-ին պետք է լինի Բուենոս Այրեսի երիտասարդների օլիմպիական փառատոնը, որի վարկանիշային մրցաշարը կրկին անցկացվելու է Բաքվում: Մենք վարկանիշային մրցաշարին չենք մասնակցի, բայց կդիմենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի մեզ փառատոնի մասնակցության սպիտակ քարտ տան»:

Հարություն Մերդինյան. «Ինձ նույնպես գոհացնում են այն արդյունքները, որոնք ունեցանք անցնող տարում: Բայց ինքս երբեք չեմ գնահատում իմ աշխատանքը: Եթե իմ այս արդյունքներից գոհ են մարզիչներս, ուրեմն, իսկապես, ամեն ինչ լավ է: Եվրոպայի առաջնությունում կարողացա միայն բրոնզե մեդալ նվաճել, իսկ աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ զբաղեցնել: Քննարկել ենք մարզիչներիս հետ եւ հասկացել, որ սրանք նորմալ արդյունքներ են: Դեռ պետք է աշխատենք, տարրեր բարդեցնենք, որպեսզի մեդալային պայքարի մեջ մտնենք»:

Արթուր Թովմասյան. «Ինչպես նշեց հավաքականի մարզիչը, փորձեցինք մեր հնարավորությունների չափով տարվա ընթացքում մեր առջեւ դրված առաջադրանքները կատարել: Որքանով կարողացանք, արդարացրեցինք մեզ: Բոլորս ցավում ենք Եվրոպայի առաջնության ձախողման համար, մնացած բոլոր մրցաշարերում մեր ուժերի չափով կատարեցինք: Մենք գոհ ենք մեր արդյունքներից այնքանով, որքանով գոհ են մեր մարզիչները»:

Հիշեցնենք, որ 2017 թվականին մարմնամարզիկներից առավել լավ արդյունքներով հանդես եկավ Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, իսկ Ունիվերսիադիա-2016-ի չեմպիոն Արթուր Թովմասյանը դարձավ հայ միակ մարզիկը, որ երկու տարի անընդմեջ նվաճեց Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցավ բազմամարտի եզրափակիչի մասնակից՝ ի դեմս Արթուր Դավթյանի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում