17:48  ,  23 դեկտեմբերի, 2017

Սուպերկլասիկոն՝ «Բարսելոնայի» հաղթանակով, «Ռեալը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստներով

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բարսելոնային» եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։ Վերջին կես ժամը Արքայական թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

Առաջին խաղակեսում որոշակի առավելություն ուներ «Ռեալը»։ 10-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում հսկողությունից դուրս մնաց դաշտի տերերի պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը սակայն վրիպեց՝ բաց թողնելով գնդակը։

39-րդ րոպեին «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիի փոխանցումից հետո հարվածայն դիրքում հայտնվեց բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն, որի հարվածից հետո դրությունը փրկեց «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։

42-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հարվածից հետո «Բարսելոնային» գոլից փրկեց դարպասաձողը։

Հանդիպման հաշիվը բացվեց 54-րդ րոպեին «Բարսելոնայի» սրընթաց ու գեղեցիկ խաղարկման արդյունքում։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կենտրոնից մտավ տուգանային հրապարակ փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյին, որն էլ գտավ ազատ մնացած ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 1։0։

63-րդ րոպեին կարմիր քարտ ստցավ «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որը «Բարսելոնայի» գրոհի ժամանակ ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում՝ փակելով դատարկ դարպասն ընթացող գնդակի ճանապարհը։ 11 մետրանոց անկասելի իրացրեց Լիոնել Մեսին։

Ավելացված ժամանակի վերջին րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ փոխարինման դուրս եկած իսպանացի պաշտպան Ալեյշ Վիդալը։

«Բարսելոնան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։ «Ռեալը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 31 միավորով չորրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0։3

Լուիս Սուարես, 54, Լիոնել Մեսի, 64, 11մ, Ալեյշ Վիդալ, 90+3

Հեռացում՝ Դանիել Կարվախալ, 63, կարմիր քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում