15:01  ,  21 դեկտեմբերի, 2017

Դավիթ Թորոսյանն ամփոփում է հայկական բռնցքամարտի տարին. Եթե չխանգարեն, հաջողությունները կհասնեն մինչեւ Տոկիո-2020

Հայ բռնցքամարտիկների համար տարին հաջող էր թե սիրողական, թե պրոֆեսիոնալ ռինգում: Հայկական բռնցքամարտը վերածնունդ է ապրում, մնում է միայն մեզ չխանգարեն եւ հաջողությունները կհասնեն մինչեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղեր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ ամփոփելով 2017 թվականը:

«Այս տարվա ընթացքում մեծ աշխատանք ենք արել, ու լավ արդյունքներ գրանցել: Այս տարվա մեր գլխավոր արդյունքը Հովհաննես Բաչկովի Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը նվաճելն էր ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալը: Արթուր Հովհնաննիսյանն ու Նարեկ Մանասյանը մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալներ:

Մասնակցել ենք բազմաթիվ մրցաշարերի եւ բոլոր մրցաշարերից վերադարձել ենք մեդալներով, ունեցել լավ արդյունքներ: Այն աշխատանքը, որ այս տարի իրականացրեց բռնցքամարտի ֆեդերացիա, մեր մարզչական շտաբը եւ մարզիչները գոհացուցիչ է:

Տարին բուռն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւս: Մեր երեք ուժաղեգույն մարզիկները` Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանն ուղղակի փայլեցին պրոֆեսիոնալ ռինգում: Ունեցանք միայն հաղթանակներ, որոնց մեծ մասը նոկաուտներով: Սա շատ ուրախացնում է եւ ոգեւորում: Վերջերս մեր պրոֆեսիոնալները սիրողականների հետ մասնակցեցին սիրողական մրցաշարի, որտեղ նորից մեդալներ նվաճեցինք: Նպատակը պրոֆեսիոնալից նորից վերադառնալն էր սիրողական, որպեսզի պահպանենք բալանսը: Փետրվարից պրոֆեսիոնալները կվերսկսեն իրենց մենամարտերը, սիրողականներն իրենց մրցաշարերը: Ամբողջ 2018 թվականը կաշխատենք ֆիզիակականի վրա, որպեսզի 2019 թվականից կենտրոնական օլիմպիական վարկանիշների վրա: Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաեւ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը:

Հայկական բռնցքամարտը վերածնունդ է ապրում, մենք աստիճանաբար հետ ենք բերում անցյալում մեր ունենած ավանդույթները: Բայց խնդիրները շարունակում են առկա լինել` մարզիչների, մարզիկների ոչ ճիշտ  պատրաստվածությունը, մրցավարների պակասը: Հայաստանի առաջնությունները շատ թույլ են, մարզիկները բռնցքամարտել չգիտեն, մարզիչները սխալ հիմքերի վրա են դնում նոր աճող սերնդին, մրցավարությունը վատագույն վիճակում է: Ես խոսել եւ քննարկել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ եւ եկել ենք այն եզրահանգման, որ նոր մեթոդ պետք է մշակվի թե մարզիչների վերապատրաստման, թե մարզիկների հետ աշխատանքի, թե մրցավարներ պատրաստելու ուղղությամբ: Կոչ եմ անում բոլոր մարզիչներին հրաժարվել հին մեթոդներից, արդեն ժամանակակից բռնցքամարտում չկիրառվող մեթոդներից, միավորվել ինձ հետ եւ սկսել նոր համակարգով աշխատել, որպեսզի վերջապես սիրողական բռնցքամարտում երբ ռինգ բարձրանա հայ մազիկը, նրանից վախենան, այլ ոչ թե համարեն, որ Հայաստանի ներկայացուցիչը թույլ բռնցքամարտիկ է եւ Հայաստանին հեշտ կշրջանցենք»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում