09:10  ,  21 դեկտեմբերի, 2017

Հռիփսիմե Խուրշուդյան. Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ

Վերադարձել է 18  տարեկանի ուժս: Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ: Ես ինքս ինձ եւ բոլորին կապացուցեմ, որ այս երկու տարում տեղի ունեցածը թյուրիմացություն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նոյեմբերի 30-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է կրճատել Հայաստանի հավաքականի որակազրկումը մինչեւ 2018թ. մայիս: Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ:

Հռիփսիմե, շուրջ երկու տարի տեւեց քո որակազրկումը: Ինչպե՞ս անցկացրիր այդ շրջանը:

Նախ՝ սկսենք նրանից, որ ես չգիտեի իմ որակազրկման մասին: Տեղյակ եմ եղել Ռիո-2016 Օլիմպիական խաղերից առաջ, հենց այն շրջանում, երբ լիովին կենտրոնացել էի Խաղերին պատրաստվելու վրա: Շատ ծանր տարա այդ լուրը: Բազմիցս նշել եմ, ու վերջին անգամ եւս կուզեի նշել, որ ես ու իմ նման մարզիկները երբեք առանց բժշկի հսկողության ոչինչ չեն անում, որեւէ դեղորայք չեն ընդունում: Օրինակ` այն ժամանակ թույլատրվում էր ասպիրին օգտագործել: Հետո տարիներ անց որոշվեց, որ ասպիրինը պետք է չլինի. պարզ է, որ այդ ասպիրինն իմ օրգանիզմում կլիներ: Նախկինում եւ այսօր էլ բոլոր մարզիկներն էլ բժիշկների հսկողության տակ են:

Ի՞նչ արեցիր այս երկու տարիների ընթացքում:

Մեծ դժվարութամբ համակերպվեցի այն մտքին, որ մրցահարթակ դուրս չեմ գալու, բայց երբեք չհրաժարվեցի մարզումներից: Ես այս ամբողջ ընթացքում շարունակել եմ իմ մարզումները, բայց ոչ այն մարզավիճակում, որով մշտապես գնացել եմ մրցումների: Միշտ փորձել եմ պահպանել ֆիզիկական վիճակս, անբաժան էի մարզադահլիճից եւ մշտապես հույսով սպասում էի, որ լավ լուր եմ ստանալու: Եվ ստացա: Այդ տեղեկությունը, որ մայիսից մենք ազատ ենք, ինձ զանգել եւ հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ զանգն ինձ համար շատ սպասված էր: Նա ասաց, որ այդ լավ լուրն անձամբ էր ցանկանում ինձ հայտնել:

Ինչպիսի՞ն կլինի վերադարձդ մեծ սպորտ: Ո՞ր մրցաշարում քեզ կտեսնենք հավաքականի կազմում:

Աշխարհի առաջնությանը կլինի վերադարձս: Քաշային կարգս փոխել եմ: Նախկինում ես հանդես էի գալիս 75+ կարգում: Այժմ հանդես կգամ նոր քաշային կարգում, որը նոր քաշ է նաեւ ծանրամարտում` 90 կգ: Ուզում եմ այս նոր քաշային կարգում նոր մեդալներ նվաճել, նոր հաղթանակներ պարգեւել Հայաստանին:

Նշեցիր, որ այս ընթացքում անբաժան ես մնացել մարզադահլիճից, մարզումներից: Ի՞նչն է քեզ հավատ ներշնչել, որ չդադարես մարզվել:

Իմ ուժը եղել է ընտանիքս, ամուսինս, ով մշտապես հավատացել է ինձ ու արդարությանը, որ այս ամենը մի օր ավարտվելու է: Անձնական մարզիչս է ինձ ուժ տվել: Ես վատ բան չէի արել, որ ինձ ցմահ որակազրկեին, այնպիսի պատիժ սահմանեին, որ ստիպված հեռանայի սպորտից: 19 տարի Հայաստանում ամենաշատ դոպինգ անալիզ հանձնած մարզիկը ես եմ եղել. Փաշիկ Ալավերդյանն էլ ինձ անընդատ կատակով ասում էր` անալիզի բաժակը մի դիր ձեռքիցդ…  Ուր մտնում էի, հայտնում էին, որ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է դոպինգ անալիզ հանձնի: Ես երբեք կեղծարարությունների չեմ դիմել եւ երբեք չեմ խուսափել այդ ստուգումներից: Հենց սա է ինձ ուժ տվել հավատալուն, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Այսօր շատ ուրախ եմ, որ մի քանի ամիս մնաց այս տհաճ իրավիճակին եւ անհամբերությամբ սպասում եմ կրկին մրցահարթակ դուրս գալուն: Այնպիսի տպավորություն է` ասես, 18 տարեկանի ուժս հետ է վերադարձել: Ուզում եմ ամբողջ աշխարհին ապացուցել, որ թյուրիմացություն է եղել, եւ ես Հայաստանի այն մարզիկն եմ, որ եղել եմ մինչեւ այս իրադարձությունները:

Վստահ եմ, որ 90 կգ քաշային կարգում առանց մեդալի չեմ վերադառնա մրցումներից: Ճիշտ է, հիասթափություններ ապրեցի, դժվար օրեր ունեցա, բայց այդ ամենը մոռացվեց, երբ ստացա բաղձալի զանգը: Ինչպես ճաղավանդակում փակված առյուծն է սպասում վանդակը բացվելուն, այնպես էլ ես էի սպասում ինձ «բաց թողնելուն», որ վերադառնամ մրցումներին:

Ես չէի ուզենա այսպես ավարտել մարզական կարիերաս, չէի ուզի մարդիկ ասեին` զրկվեց ու թողեց սպորտը: Ավելի եմ շահագրգռված նոր մեդալներ նվաճելուն եւ ապացուցելուն, որ ես այդ մարզիկը չեմ, իսկ հաղթանակներս իրական իմ նվաճումներն են, Հռիփսիմե Խուրշուդյանն այդ աղջիկը չէր…  

Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել ու հավատում են մինչեւ օրս, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին, ով ինձ մշտապես հույս է տվել եւ ոգեշնչել, որ ես չընկճվեմ:

Ամենակարեւորն ինձ համար սեփական հավատն է: Եթե ես այդ հավատը չունենայի, չէի վերադառնա մեծ սպորտ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով