15:33  ,  19 դեկտեմբերի, 2017

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կկրճատի Հայաստանի որակազրկումը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ու եւս 2 երկրների որակազրկումը կմեղմացնի 6 կամ ավելի քիչ ամիսներով: 2018 թվականի մայիսից մեր հավաքականները կկարողանան մասնակցել բոլոր միջազգային մրցաշարերին: Սա դեռ քննարկման փուլում է եւ կհաստատվի հաջորդ տարվա հունվարի 15-ին կայանալիք IWF-ի համաժողովում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը

«Վերջերս կայացած միջազգային ֆեդերացիայի համաժողովում քննարկման դրվեց երեք երկրների` Հայաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի որակազրկումը մեղմացնելու հարցը` 6 կամ ավելի քիչ ամիսներով: Օլիմպիական խաղերից հետո այս երեք երկրներում ոչ մի խախտում չի գրանցվել: Դա դեռ չի հաստատվել, վերջնական պարզ կլինի հունվարի 15-ին: Մենք նաեւ հնարավորություն ունենք ամբողջ տարվա ընթացքում անցկացնել Հայաստանի առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, բայց այն ժամանակահատվածը, որը որպես պատիժ մեզ համար կսահմանի IWF-ն, այդ ամիսներին միջազգային մրցաշարերի չենք կարող մասնակցել: Մենք կարող ենք նույնիսկ միջազգային հավաքների մասնակցել, այդքանով մեր վիճակը թեթեւացված է»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանի փոխանցմամբ, լինելով որակազրկված 9 երկրների շարքում, Հայաստանը եւ մյուս բոլոր երկրները պարտավորվածություն ունեն, որ ցանկացած մրցումից առաջ յուրաքանչյուր մարզիկ անցնի առնվազն 3 դոպինգ ստուգում, որը կազմում է շուրջ 30-40 օրը մեկ: ՀԾՖ գլխավոր քարտուղարի խոսքով, Հայաստանը ստորագրել է այդ համաձայնագիրը, քանի որ վստահ է հավաքականի անդամների մաքրության վրա: Փաշիկ Ալավերդյանը պնդում է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կանոնակարգերի խախտումներ է արել:

«Ըստ IWF-ի կանոնակարգի՝ տվյալ երկրի ֆեդերացիան պատասխանատվություն է կրում այն ժամանակ, երբ մեկ տարվա ընթացքում խախտումների 1-3 դեպք է գրանցվում: Այս պարագայում ֆեդերացիային տուգանում են կամ 50 հազար եվրոյով, կամ էլ որակազրկում են մեկ տարով: Մեր դեպքում որակազրկեցին եւ տուգանեցին: Եվ դա այն դեպքում, որ մեր դեպքերը գրանցվել է ոչ թե մեկ տարում կամ մեկ մրցաշարում, այլ երկուսը Պեկին-2008-ում եւ մյուսը` Լոնդոն-2012-ում: Ինչ վերաբերում է Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Մարիտրոսյանին, նրանք երկունս էլ մայիսից ազատ են եւ կարող են արդեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Հռիփսիմե Խուրշուդյանը մարզվում է, իսկ Տիգրան Մարտիրոսյանը հրաժարվել է շարունակել մարզումները»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգի համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում