14:35  ,  19 դեկտեմբերի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Ես կորցրեցի աշխարհի չեմպիոնի մեդալ (ֆոտո)

Ցավով եւ մի տեսակ մեղավորի աչքերով էի հետեւում աշխարհի առաջնությանը, թե ինչպես իմ ձեռքից բաց թողեցի աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Մտածում էի, թե, իրականում, ես ու իմ թիմն որտեղ է մեղավոր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, որն ամփոփեց տարին:

«Արդեն 4 տարի է՝ գլխավորում եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ որպես գլխավոր քարտուղար ու մարզիչ: Լոնդոնյան Օլիմպիական խաղերից հետո սկսեցի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Այս 4 տարիների ընթացքում միջազգային հակադոպինգային կազմակերպություններին 1000-1200 անալիզներ ենք տվել: Դրանցից որեւէ մեկը դրական արդյունք չի տվել, այսինքն՝ մեր մարզիկները չեն օգտագործել արգելված խթանիչներ: Այնպես որ, համարում ենք այս հարցը լիարժեք լուծված: Հայկական ծանրամարտի հանրությունը, ծանրամարտի երկրպագուներն արդեն սկսել են ինձ հավատալ, քանի որ նրանց մեջ իրականում կային թերահավատ մարդիկ, ովքեր իմ խոսքերին չէին վստահում: Թերեւս կան մարզիչներ եւ մարզիկներ, որոնք փորձում են ինչ-որ ձեւով գտնել ավելի հեշտ ճանապարհ իմ աշխատանքին հասնելու համար: Բայց դա անհնար բան է: Գուցե բոլորի մոտ հարց առաջանա, թե ինչպես է ստացվում, որ մենք կարողանում ենք առանց խթանիչների հասնել բարձր արդյունքների: Ծանրամարտում ունեցած իմ 50 տարվա փորձը ցույց է տվել, որ մեր ազգը շատ տաղանդավոր է, միայն թե պետք մարդ, որը ճիշտ ուղու վրա կդնի այդ տաղանդներին»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ամփոփելով անցնող տարին՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ ծանրորդները 80 մեդալ են նվաճել 2017-ին.

«Մինչեւ այսօր մեր մեդալների քանակը 78-ն էր: Բայց այս օրերին մեր մեդալների քանակը կավելանա եւս երկուսով: Ալբանիայում կայացած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր վրացի ծանրորդը խթանիչներ օգտագործելու պատճառով զրկվել է մեդալից: Նրա փոխարեն Մկրտիչ Մկրտչյանը կդառնա բրոնզե մեդալակիր: 80 մեդալից 36-ը ոսկի է, 21-ը՝ արծաթ, 23-ը` բրոնզ: Եվ սա միայն աշխարհի առաջնությանը չմասնակցելով: 2017 թվականին 18 անգամ հնչել է Հայաստանի հիմնը եւ բարձրացել դրոշը: Կարող էր լինել ավելին, ու պարզ է թե ինչու: Ցավոք, նախկինում կատարված մարզիկների եւ մարզիչների թույլ տված սխալների համար մեզ թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականն աշխարհի առաջնությունում կարող էր նվաճել եւս 9 մեդալ, որից 3-ը ոսկու տեսքով կլիներ Սիմոն Մարտիրոսյանի շնորհիվ: Այս աշխարհի առաջնությունում 404 կգ երկամարտի արդյունքով դարձան աշխարհի չեմպիոն, իսկ Սիմոնի արդյունքը 433 կգ էր Ալբանիայում: Սիմոնի վատագույն արդյունքը եղել է 416 կգ: Այնպես որ, նրա համար ոչ մի խոչընդոտ չկար աշխարհի չեմպիոն դառնալու համար: Անդրանիկ Կարապետյանը աշխարհի չեմպիոն չէր կարող դառնալ, որքան էլ որ լավ մասնակցեր: Նա այստեղ կդառնար աշխարհի փոխչեմպիոն: Իսկ Գոռ Մինասյանը կնվաճեր բրոնզե մեդալ: Բայց մենք բաց թողեցինք»,- մանրամասնեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում