09:48  ,  20 դեկտեմբերի, 2017

Աշխարհի նախկին չեմպիոնը հրաժարվել է 100 միլիոն դոլարով մենամարտել Մենի Պակյաոյի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Խուան Մանուել Մարկեսը պատմել է, որ ֆիլիպիցի ներդրողները նրան 100 միլիոն դոլար են առաջարկել ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի դեմ 5-րդ մենամարտի համար, սակայն նա հրաժարվել է: 2 բռնցքամարտիկների միջեւ վերջին՝ չորրորդ մենամարտը կայացել էր 2012-ին, երբ Մարկեսը նոկաուտի էր ենթարկել Պակյաոյին:

«Կար առաջարկ 100 միլիոն դոլարի դիմաց 5-րդ մենամարտն անցկացնել Պակյաոյի հետ: Ես հրաժարվեցի, որպեսզի պահպանեմ իմ փառքն ու պատիվը չորրորդ մենամարտից: Դա մեծ գումար էր, սակայն պատիվն ու հպարտությունն ավելի կարեւոր էր:

Մենք չգիտենք, թե ինչ կլիներ 5-րդ մենամարտում: Մրցավարները կարող էին խոչընդոտել իմ հաղթանակին»,- մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Մարկեսի ու Պակյաոյի միջեւ 4 մենամարտերում 2 հաղթանակ տարել է ֆիլիպինցին, մեկ անգամ ուժեղ է գտնվել մեքսիկացին, եւս մեկ անգամ գրանցվել է ոչ ոքի: 44-ամյա Խուան Մանուել Մարկեսը կարիերան ավարտել է 2017-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում