00:46  ,  19 դեկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Մոհամեդ Սալահի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հաջորդ ամռանը անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի համար վճարել 100 միլիոն եվրո, հաղորդում է Calciomercato-ն: Հնարավոր է՝ քննարկվի նաեւ Արքայական թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին գործարքի մեջ ներառելու եւ «Լիվերպուլին» տրամադրելու տարբերակը:

«Սալահը գերազանց խաղացող է: Նա դա ապացուցել է «Ռոմայում» եւ նույն ոգով շարունակում է «Լիվերպուլում»: Այժմ նա կարեւոր է անգլիական թիմի համար եւ շարունակում է աճել: Նա երիտասարդ է եւ կարող է առաջադիմել»,- 25-ամյա ֆուտբոլիստի մասին ասել էր «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Սալահի թեկնածությանը կողմ է նաեւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել 20 գոլ: Սալահը Եգիպտոսի հավաքականի հետ կմասնակցի 2018թ. աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում