Ես շատ եմ խնդրում մեր երկրի ղեկավարին, սպորտի ղեկավարությանը, նախարարին, որպեսզի շատ արագ լուծեն «Հրազդան» մարզադաշտի կարգավիճակի հարցը, որ ունենանք լավ աթլետիկական պայմաններ, ինչի պարագայում մեր հաջողություններն ավելի մեծ կլինեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն՝ ամփոփելով հայ աթլետների 2017 թվականը:
Պարոն Էմմիյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին:
Մեր աթլետներն այս տարի մասնակցեցին 35 միջազգային մրցումների: Տարին համարում եմ շատ հաջողված, քանի որ թիմային մրցումների ժամանակ շատ լավ հանդես եկան մեր աթլետները: Եվրոպայի թիմային առաջնությունում մեր մարզիկներից երկուսն անհատական արդյունքներով նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Այս տարի հատկապես հաջող ստացվեց Բալկանյան երկրների միջազգային մրցաշարում, որտեղ մեր առաջատար աթլետ, հեռացատկորդ Լեւոն Աղասյանը չեմպիոն դարձավ:
Այս տարի շեշտը դրեցինք երիտասարդների վրա: Երիտասարդների աշխարհի առաջնությունում վազորդ Գայանե Չիլոյանը դուրս եկավ եզրափակիչ, մեր երիտասարդ հեռացատկորդներից մեկը եւս դուրս եկավ եզրափակիչ, ինչը հրաշալի արդյունք է:
Անցնող տարում մեր մարզիկները կարողացան 7 ազգային ռեկորդ սահմանել, ինչի համար չափից ավելի ուրախ եմ:
Պարոն Էմմիյան, արդեն մի քանի տարի Դուք պայքարում եք Հայաստանում աթլետների համար հապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ձեր նշած արդյունքները պայմանների բացակայությամբ ինչպե՞ս է հաջողվում ունենալ:
Իսկապես, ես հպարտ եմ մեր մարզիկներով, որ չունենալով պայմաններ հաջողվում է այսպիսի արդյունքներ գրանցել: Ֆեդերացիան իր կողմից ամեն ինչ նախաձեռնում եւ իրականացնում է մարզիկների համար լավ պայմաններ ստեղծելու համար: Այս տարի ունեցանք բազմաթիվ արտագնա ուսումնամարզական հավաքներ, համագործակցում են Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի հետ: Արդեն հնարավորություն ունենք Երեւանում եւս անցկացնել հավաքներ «Օլիմպավանում»: Այս տարվա վերջին հավաքն աթլետներն ֆիզպատրաստության հավաք անցկացրին հենց «Օլիմպավանում»:
Այս ամենը հրաշալի է, բայց ինչու չունենանք նորմալ աթլետիկական պայմաններ, ինչու հետ մնանք հարեւան երկրներից, եվրոպական երկրներից: Ես դեռ պայքարում եմ եւ դեռ շարունակում եմ երազել, ձգտել երազանքս իրականություն դարձնել` Երեւանում միջազգային ստանդարտներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի կառուցել: Մինչեւ սպասում եմ մեր կառավարության դրական պատասխանին, որ «Հրազդան» մարզադաշտի թղթաբանական հարցերը վերջապես լուծում կստանան: Չեմ զլանա եւ եւս մեկ անգամ կնշեմ, որ ֆինանսական հարցերը լուծված են: Օրերս Մոնակոյում նորից հանդիպում ունեցա միջազգային ֆեդերացիայի նախագահության հետ եւ նորից հաստատվեց Հայաստանի ծրագիրը եւ երկարաձգվեց մինչեւ 2018 թվական: Ինձ խոստացան, որ գալիք տարում մարզադաշտի հարցի լուծման հաջորդ իսկ օրվանից կսկսեն կառուցապատման աշխատանքները:
Տարվա ընթացքում ալթետներից ո՞վ զարմացրեց, ուրախացրեց, եւ ո՞վ հիասթափեցրեց:
Այս տարի իր լավագույն որակներով հանդես եկավ հեռացատկորդ Լեւոն Աղասյանը, վազորդ Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը, Յանա Աբրահամյանը: Այս տարի բոլորն էլ ակտիվությամբ եւ բարձր արդյունքներով աչքի ընկան: Մեր առաջատարներից, օլիմպիական Ամալյա Շառոյանն այս տարի մեկնեց Գերմանիա, որտեղ 1.5 տարի կանցնի մարզչական դասընթացներ: Մեր մյուս օլիմպիական Դիանա Խուբեսերյանն էլ մեկնել է Ավստրիա, որտեղ էլ նա է մարզչական սեմինարներ ու ուսուցում անցնում: Այն մարզիկներն, ովքեր կցանկանան ավարտել մարզիկի կարիերան եւ շարունակել մարզչական գործունեությամբ, ես ամեն ինչով կաջակցեմ, որպես մարզիչ պատրաստվեն տարբեր երկրների լավագույն ակադեմիաներում:
Էլ ի՞նչ կարեւոր իրադարձություններով առանձնացավ Ձեզ համար այս տարին:
2017 թվականի մայիսի 22-ին լրացավ Եվրոպայի ռեկորդիս 30-ամյակը: Այդ օրը յուրաքանչյուր տարի հիշարժան է ինձ համար: Եվ ես հավատում եմ, որ լավ պայմանների դեպքում հայ մարզիկները կկարողանան այդպիսի ռեկորդներ սահմանել: Ի դեպ, այս տարի Հայաստանի սպորտի նախարարությունն ավելացրել է աթլետիկայի ֆեդերացիայի բյուջեն, ինչի համար շատ շնորհակալ եմ սպորտի ղեկավարությանը: Բայց ամենակարեւոր երազանքս վազքուղու հարցն է:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում