23:49  +04,  18 դեկտեմբերի, 2017

Ռոբերտ Էմմիյան. Տարին համարում եմ շատ հաջողված

Ես շատ եմ խնդրում մեր երկրի ղեկավարին, սպորտի ղեկավարությանը, նախարարին, որպեսզի շատ արագ լուծեն «Հրազդան» մարզադաշտի կարգավիճակի հարցը, որ ունենանք լավ աթլետիկական պայմաններ, ինչի պարագայում մեր հաջողություններն ավելի մեծ կլինեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն՝ ամփոփելով հայ աթլետների 2017 թվականը:

Պարոն Էմմիյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին:

Մեր աթլետներն այս տարի մասնակցեցին 35 միջազգային մրցումների: Տարին համարում եմ շատ հաջողված, քանի որ թիմային մրցումների ժամանակ շատ լավ հանդես եկան մեր աթլետները: Եվրոպայի թիմային առաջնությունում մեր մարզիկներից երկուսն անհատական արդյունքներով նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Այս տարի հատկապես հաջող ստացվեց Բալկանյան երկրների միջազգային  մրցաշարում, որտեղ մեր առաջատար աթլետ, հեռացատկորդ Լեւոն Աղասյանը չեմպիոն դարձավ:

Այս տարի շեշտը դրեցինք երիտասարդների վրա: Երիտասարդների աշխարհի առաջնությունում վազորդ Գայանե Չիլոյանը դուրս եկավ եզրափակիչ, մեր երիտասարդ հեռացատկորդներից մեկը եւս դուրս եկավ եզրափակիչ, ինչը հրաշալի  արդյունք է:

Անցնող տարում մեր մարզիկները կարողացան 7  ազգային ռեկորդ սահմանել, ինչի համար չափից ավելի ուրախ եմ:

Պարոն Էմմիյան, արդեն մի քանի տարի Դուք պայքարում եք Հայաստանում աթլետների համար հապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ձեր նշած արդյունքները պայմանների բացակայությամբ ինչպե՞ս է հաջողվում ունենալ:

Իսկապես, ես հպարտ եմ մեր մարզիկներով, որ չունենալով պայմաններ հաջողվում է այսպիսի արդյունքներ գրանցել: Ֆեդերացիան իր կողմից ամեն ինչ նախաձեռնում եւ իրականացնում է մարզիկների համար լավ պայմաններ ստեղծելու համար: Այս տարի ունեցանք բազմաթիվ արտագնա ուսումնամարզական հավաքներ, համագործակցում են Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի հետ: Արդեն հնարավորություն ունենք Երեւանում եւս անցկացնել հավաքներ «Օլիմպավանում»: Այս տարվա վերջին հավաքն աթլետներն ֆիզպատրաստության հավաք անցկացրին հենց «Օլիմպավանում»:

Այս ամենը հրաշալի է, բայց ինչու չունենանք նորմալ աթլետիկական պայմաններ, ինչու հետ մնանք հարեւան երկրներից, եվրոպական երկրներից: Ես դեռ պայքարում եմ եւ դեռ շարունակում եմ երազել, ձգտել երազանքս իրականություն դարձնել` Երեւանում միջազգային ստանդարտներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի կառուցել: Մինչեւ սպասում եմ մեր կառավարության դրական պատասխանին, որ «Հրազդան» մարզադաշտի թղթաբանական հարցերը վերջապես լուծում կստանան: Չեմ զլանա եւ եւս մեկ անգամ կնշեմ, որ ֆինանսական հարցերը լուծված են: Օրերս Մոնակոյում նորից հանդիպում ունեցա միջազգային ֆեդերացիայի նախագահության հետ եւ նորից հաստատվեց Հայաստանի ծրագիրը եւ երկարաձգվեց մինչեւ 2018 թվական: Ինձ խոստացան, որ գալիք տարում մարզադաշտի հարցի լուծման հաջորդ իսկ օրվանից կսկսեն կառուցապատման աշխատանքները:

Տարվա ընթացքում ալթետներից ո՞վ զարմացրեց, ուրախացրեց, եւ ո՞վ հիասթափեցրեց:

Այս տարի իր լավագույն որակներով հանդես եկավ հեռացատկորդ Լեւոն Աղասյանը, վազորդ Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը, Յանա Աբրահամյանը: Այս տարի բոլորն էլ ակտիվությամբ եւ բարձր արդյունքներով աչքի ընկան: Մեր առաջատարներից, օլիմպիական Ամալյա Շառոյանն այս տարի մեկնեց Գերմանիա, որտեղ 1.5 տարի կանցնի մարզչական դասընթացներ: Մեր մյուս օլիմպիական Դիանա Խուբեսերյանն էլ մեկնել է Ավստրիա, որտեղ էլ նա է մարզչական սեմինարներ ու ուսուցում անցնում: Այն մարզիկներն, ովքեր կցանկանան ավարտել մարզիկի կարիերան եւ շարունակել մարզչական գործունեությամբ, ես ամեն ինչով կաջակցեմ, որպես մարզիչ պատրաստվեն տարբեր երկրների լավագույն ակադեմիաներում:   

Էլ ի՞նչ կարեւոր իրադարձություններով առանձնացավ Ձեզ համար այս տարին:

2017 թվականի մայիսի 22-ին լրացավ Եվրոպայի ռեկորդիս 30-ամյակը: Այդ օրը յուրաքանչյուր տարի հիշարժան է ինձ համար: Եվ ես հավատում եմ, որ լավ պայմանների դեպքում հայ մարզիկները կկարողանան այդպիսի ռեկորդներ սահմանել: Ի դեպ, այս տարի Հայաստանի սպորտի նախարարությունն ավելացրել է աթլետիկայի ֆեդերացիայի բյուջեն, ինչի համար շատ շնորհակալ եմ սպորտի ղեկավարությանը: Բայց ամենակարեւոր երազանքս վազքուղու հարցն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով