Ռիո դե Ժանեյրոյում գտնվող ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ղեկավարությունը հանդիպել է եւ համագործակցության համաձայնության է հասել Բրազիլիայի Ա Սերիայում հանդես եկող «Ֆլումինենսե» ակումբի հետ։
«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը «Ֆլումինենսեի» փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ մանրամասն քննարկել են համագործակցության կետերը: Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտին» վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ «Ֆլումինենսեից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Համագործակցության շրջանակում նախատեսված է նաև փորձի փոխանակում երկու ակումբների ներկայացուցիչների միջև և «Ալաշկերտի» մարզիչների վերապատրաստում Բրազիլիայում:
Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու դեպքում, «Ալաշկերտը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Ֆլումինենսեի» եւ «Բոտաֆոգոյի» հետ։
Չի բացառվում, որ ապագայում «Ֆլումինենսեն» և «Ալաշկերտը» համատեղ ջանքերով ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում: Նմանատիպ փորձ բրազիլական ակումբն արդեն ունի, այդպիսի նախագիծ է իրագործում Սլովակիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում