16:08  ,  18 դեկտեմբերի, 2017

Արա Պողոսյան. Տարին հաջող էր բասկետբոլի Հայաստանի հավաքականի համար

Հայկական բասկետբոլը մեծ տեմպերով զարգանում է, բայց ունենք ֆինանսավորման խնդիր, ընդամենը 19 միլիոն պետբյուջեից, որը մեզ ոչնչի չի բավարարում: Մեզ աջակցում է ՀԱՕԿ-ը, բայց խնդիրները շատ են եւ մենք շատ մեծ գործ են անում նվազագույն ֆինանսներով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն` ամփոփելով տարին:

«Տարին հաջող էր ազգային հավաքականի համար: Երկու տարի առաջ ազգային հավաքական չունեինք եւ չէինք էլ երազում ունենալու մասին: Այսօր ունենք երիտասարդներից կազմված մեծ ապագա ունեցող հավաքական: Մեծ ծավալի աշխատանքներ կատարվեցին: Այս տարի աղջիկների եւ տղաների 6 հավաքականներ ունեցան հաջողություններ: Վերջապես սկսվեց Ա լիգայի կանոնավոր առաջնություններ: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեծ դժվարություններ կան հայկական բասկետբոլում, բայց փորձում ենք հաղթահարել դրանք: Կարեւորն այն է, որ շարժ կա, հետաքրքրություն մարզաձեւի նկատմամբ կա, մեր ազգային հավաքականի բասկետբոլիստները սիրվել են, երկրպագուները շատ աջակացում են մեզ: Եթե ազգային հավաքականը կարողանա Eurobasket-ի բոլոր փուլերն անցնել, 4 տարի հետո կունենանք իսկապես ուժեղ եւ փորձառու հավաքական եւ Եվրո-2021-ին կմասնակցենք հզոր հավաքականով: Բոլորիս երազանքը այս փուլերը հաջողությամբ անցնելն է ու Եվրո-2021-ին մասնակցելն է»,- ասաց Արա Պողոսյանը:

Արա Պողոսյանն անդրադարձավ նաեւ բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությանը, որի առաջին շրջանն ավարտվել է այս հանգստյան օրերին: Առաջնությանը մասնակցում են 7 թիմեր Հայաստանի երեք մարզերից, Երեւանից եւ Արցախից:

«Լիգայում խաղացող թիմերը մեծ ապագա ունեն, կարող են ապագայում ուժեղ թիմեր դառնալ: Բայց թիմ կա, որը 6 պարտություն ունի եւ հաղթանակի հնարավորություն էլ չունի: Խոսքը «Ինժեների» մասին է: Սակայն, եթե թիմը մնա այս վիճակում՝ առանց նորմալ կազմի, թույլ չենք տա հաջորդ տարի մասնակցի Ա լիգային: Այս պահին առաջատարն «Ուրարտուն» է, իսկ մյուս թիմերը հավասար ուժեր ունեն եւ հնարավոր չէ գուշակել վերջնական քառյակը, որոնք հանդես կգան փլեյ-օֆֆում: Մենք անցկացնում են բարձրագույն խմբի կանոնավոր առաջնություն, որը հայտարարել ենք անկախ, որպեսզի Ստեփանակերտի «Արցախը» եւս կարողանա մասնակցել՝ չնայած Ադրբեջանն արդեն մեր դեմ բողոք է ներկայացրել ՖԻԲԱ-ին: Մենք կարող ենք ներքին կարգով Ա լիգային տալ Հայաստանի առաջնության պաշտոնական կարգավիճակ եւ ըստ արդյունքների որոշել Հայաստանի չեմպիոնին: Մեր թիմերը, բացի «Արցախից», կարող են մասնակցել նաեւ եվրալիգաներին. որեւէ խնդիր չկա»,- նշեց ՀԲՖ փոխնախագահը:

Անդրադառնալով խննդիրներին, ՀԲՖ փոխնախագահը առանձնացրեց ֆինանսավորումն ու դահլիճների անմիխթար պայմանները.

«Խնդիրներն այնքան շատ են, որ չգիտես՝ որը նշել: Մրցավարության խնդիր ունենք: Փորձում ենք որոշակի սեմինարներ անցկացնել, մասնագետներ հրավիրել: Այս լիգայի ընթացքում եւ այս մեկ տարվա ծավալուն աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ ունենք մարզչական խնդիրներ թե՛ մանկական, թե՛ բարձրագույն խմբերում: Մինչեւ գործընթացը սկսելն, այս խնդիրների մասին պատկերացումներ չունեինք էլ: Ամենամեծ խնդիրը նյութատեխնիկական բազայի պակասն է: Նույնիսկ Ա լիգայի թիմերը խաղեր են անցկացնում շատ վատ վիճակում գտնվող մարզադահլիճներում: Թվում է, թե դա խաղացողի որակից է, որ նա խաղի ընթացքում գնդակը բաց է թողնում 5 մետր այն կողմ եւ տպավորություն է ստեղծվում, որ բասկետբոլիստը լավը չի: Բայց, իրականում, մարզադահլիճի հատակի խնդիրն է: Այս պայմաններում են գտնվում «Շիրակի», «Արթիկի» մարզադահլիճները: Պայմանների խնդիրը «Շիրակի» եւ «Արթիկի» ցավն է: Փորձում ենք հովանավորներ գտնել: Հույս ունեմ, որ Ա լիգայի զարգացումը կբերի նրան, որ բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի կմեծանա եւ կգտնվեն հովանավորներ, մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն նյութատեխնիկական բազա ստեղծելոով»,- նկատեց Արա Պողոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում