15:11  ,  15 դեկտեմբերի, 2017

ՀՖՖ նախագահ. Չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալու հարցը (ֆոտո)

Երեւանի «Բանանցի» մարզադպրոցում դեկտեմբերի 15-ին բացվեցին արհեստական խոտածածկով երկու ֆուտբոլային խաղադաշտեր: Բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որն արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մեր երկրի կլիմայական պայմաններում, եթե ճիշտ օգտագործվեն այս արհեստական խոտածածկերը, բավական օգտակար կլինեն ակումբերի եւ թիմերի համար: Նախկինում մեր բոլոր պատանի ֆուտբոլիստները ձմռան ամիսներին մարզվում էին դահլիճներում, ինչը նույնիսկ վնասակար էր նրանց համար: Կարծում եմ` ճիշտ շահագործման դեպքում «Բանանց» ակումբը շատ մեծ առավելություն կունենա:

Այս նույն ծրագիրն իրականացվել է նաեւ «Փյունիկ» ակումբում, Չարենցավան քաղաքում, Սիսիանում, Էջմիածնում, Արմավիրում, Սեւանում եւ այդպես շարունակական է լինելու: Արհեստական խոտածածկով մարզադաշտեր պատրաստվում ենք կառուցել «Ալաշկերտ» ակումբում, այդպես կլինի նաեւ մյուս բոլոր ակումբներում: Վերջերս մարզային այցեր ունեցա Սիսիան եւ Արմավիրի մարզ: Հետեւել եմ մարզադաշտերի շինարարական աշխատանքներին, գոհ եմ: Մինչեւ 2018 թվականի մայիսը կբացենք Էջմիածնի ֆուտբոլի դպրոցը: Դժվարանում եմ ասել, թե երբ կբացվի Արմավիրի մարզադաշտը, քանի որ նպատակ ունենք տրիբունաների վրա ծածկ ավելացնել: Կշարունակենք կառուցել նաեւ Վանաձորի մարզադաշտը, ինչպես խոստացել էինք 3-4 տարի առաջ: Նպատակ ունենք Վանաձորի մարզադաշտը դարձնել տաքացվող: Փորձը չունենք: Այս շրջանում հանձնարարել եմ գտնել ընկերություններ, որոնք կկարողանան ստանալ տաքացվող մարզադաշտեր: Կարծում եմ` մեր նման բնակլիմայական պայմաններ ունեցող երկրի համար տաքացվող մարզադաշտերն անհրաժեշտ են»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում չի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը: Շատ ավելի հուզող հարցեր կան, իսկ ֆուտբոլի ասպարեզում մեր ժողովրդին, ըստ ինձ, հուզում է Հայաստանի ազգային հավաքականը: Իմ ու բոլորի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին եւ, առհասարակ, ֆուտբոլին: Նա այն ֆուտբոլիստն է, որ չի կարող երկար լինել այս իրավիճակում: Կարծում եմ՝ բոլորին է հայտնի, որ այս իրավիճակի պատճառը նրա մարզավիճակը չէ: Արդեն հրապարակվել են բազմաթիվ վերլուծություններ պատճառների մասին եւ, կարծում եմ, մոտ ժամանակներս ամեն ինչ կկարգավորվի: Ես ինքս էլ որոշ ուսումնասիրություններ կանեմ եւ հայտարարությամբ հանդես կգամ: Արխային եղեք, Հենրիխը կխաղա եւ կուրախացնի բոլորիս»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ ֆուտբոլային խաղադաշտերի բացմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, որն աշխատում է ՀՖՖ-ում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս