12:10  ,  14 դեկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղից (1:0) հետո բացատրել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվում անգլիական ակումբի վերջին խաղերին:

«Պահեստայինների նստարանին կարող են լինել 6 խաղացողներ, եւ ես փորձում եմ պահել բալանսը: Իմ տրամադրության տակ կային 2 պաշտպաններ, որոնք կարող են խաղալ տարբեր դիրքերում, ինչպես նաեւ Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչն ու Մարկուս Ռեշֆորդը:

Մարտիալին, Լինգարդին ու Մատային ես ընդգրկել էի մեկնարկային կազմում: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա նրանցից մեկը պետք է դուրս մնար հայտացուցակից: Սակայն այսօր ես կարծում եմ, որ նրանք արժանի են դաշտ դուրս գալուն»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը ջանասիրաբար մարզվում է եւ պատրաստվում «Վեստ Բրոմվիչի» դեմ Պրեմյեր լիգայի հաջորդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 8 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա հեռանալու է անգլիական ակումբից: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան» ու իտալական «Ինտերը»:

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի քվեարկության լավագույն եռյակում Հենրիխ Մխիթարյանը չէր նշել Ժոզե Մոուրինյոյի անունը: Հայաստանի հավաքականի ավագն առաջինը նշել էր Զինեդին Զիդանին («Ռեալ»), երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների ավագները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում