11:03  ,  14 դեկտեմբերի, 2017

Վարդան Մինասյանն արգենտինացի մարզիչների հետ քննարկել է հայկական ֆուտբոլի խնդիրները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են հայկական ֆուտբոլի խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: Վերջում Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը եւ արգենտինացի մասնագետ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Վարդան Մինասյան. «Ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Արգենտինայից հրավիրել ենք մարզչական խումբ: Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքականների աշխատանքը, հիմնականում աշխատելու են մեր մինչեւ 19 եւ 17 տարեկանների հավաքականների հետ: Ինպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին եւ արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաեւ 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ:

Բավական քննարկումներ ենք ունեցել: Իրենց եմ ներկայացրել մեր ֆուտբոլի զարգացման փիլիսոփայությունը, որն արդեն մշակել ենք եւ այն գործում է վերջին 5 ամիսների ընթացում: Գտնում եմ, որ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, մենթալիտետ, ուժեղ եւ թույլ կողմեր եւ եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է հենվենք հենց այդ հատկությունների վրա, չշեղվենք: Նախկինում Հայաստանում աշխատել են հոլանդացի, իսպանացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տվել մեր ֆուտբոլին: Հիմա ուղղակի ցանկանում ենք այլեւս չշեղվել մեր ընտրած ուղուց: Կարծում եմ՝ լավ ստացվեց, որովհետեւ այն, ինչ մենք ցույց ենք տվել արգենտինացի մասնագետներին, գրեթե 90-95 տոկոսով համընկավ իրենց մտածելակերպին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ արգենտինացի մասնագետներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից»:

Ֆերնանդո Արիել Բատիստա. «Մարզչական աշխատանքով զբաղվում եմ արդեն 17 տարի: Մինչեւ այդ պրոֆեսիանալ ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել. հանդես եմ եկել արգենտինական «Բոկա Խունիորս» եւ «Ուրական» թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել եմ հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում՝ Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ Ճապոնիայում, զբաղվել եմ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ: Շատ եմ սիրում երեխաների, պատանիների հետ աշխատանքը եւ իմ նախկին սաներից մի քանիսն արդեն հանդես են գալիս անգլիական թիմերում՝ «Տոտենհեմում», «Չելսիում», իսպանական «Աթլետիկոյում»:

Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին: Բնականաբար, հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաեւ հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլին, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու: Հավանաբար, 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին եւ կսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնել մեծագույն բարձունքների»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով