20:38  ,  13 դեկտեմբերի, 2017

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ունի նոր փոխնախագահ

Oրերս կայացած Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նիստում կազմակերպության փոխնախագահ է ընտրվել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Նա նաեւ կզբաղվի հունահռոմեական ըմբշամարտի համակարգմամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Վերջին շրջանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործոկոմում պարբերաբար փոփոխություններ եւ նոր նշանակումներ են լինում: Ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարումը ժամանակավոր ստանձնեց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա զբաղվում է նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համակարգմամբ: Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարի ստանձնումից հետո մարզաձեւի երկու ոճերում առանձին նշանակվեցին փոխնախագահներ` հունահռոմեականում` Արսեն Բադալյանը, իսկ ազատ ոճում` Ռոբերտ Խաչատրյանը: Մի քանի ամիս անց նախկին ըմբիշ, Հայաստանի սպորտի վետերանների միության նախագահ Արսեն Բադալյանը հրաժարական տվեց փոխնախագահի պաշտոնից:

«Օրերս կայացած ֆեդերացիայի նիստում կրկին փոփոխություններ տեղի ունեցան: Քանի որ Արսեն Բադալյանը հրաժարական տվեց, նրան կփոխարինի հունահռոեմական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Այժմ հունահռոմեական ըմբշամարտը կհամակարգի Սամվել Գեւորգյանը»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Սամվել Գեւորգյանն այս պաշտոնում եղել է նաեւ 2001-2016 թվականներին: Նա նաեւ Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերին պետք է կայանար ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Բայց NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշել է, որ Հայաստանի առաջնությունը հետաձգվել է մինչեւ 2018 թվականի հունվար:

«Ըմբշամարտում մի շարք փոփոխություններ են եղել, նոր կանոնակարգ կա, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Մենք մշտապես Հայաստանի առաջնություններն անցկացրել ենք յուրաքանչյուր տարվա ավարտին, որպեսզի նոր հավաքականներով սկսենք նոր տարին, նոր մրցաշարերով: Այս տարի միջազգային ֆեդերացիան թույլ չի տալիս հին օրենքներով մրցաշարեր անցկացնել մինչեւ հունվարի 1-ը եւ նոր տարվա հավաքականները կազմել ոչ նոր կանոնակարգով անցկացված ներքին առաջնություններով»,- ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Տարեվերջյան արդեն ավանդույթ դարձած ծաղկաձորյան հավաքը եւս քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները տարին ավարտում էին Ծաղկաձորում անցկացվող հավաքներով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով