19:42  ,  13 դեկտեմբերի, 2017

«Ալաշկերտի» նախագահ. Բրազիլիա ենք մեկնում «Բոտաֆոգոյի» հետ համագործակցությունը քննարկելու նպատակով

«Ալաշկերտի» ղեկավարությունն ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 13-ին մեկնում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության հետ: «Ալաշկերտն» ու «Բոտաֆոգոն» ունեն համագործակցության պաշտոնական պայմանավորվածություն: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Բագրատ Նավոյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը:

Պարոն Նավոյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր այցը Բրազիլիա:

Ինչպես հայտնի է, այս տարվա օգոստոսին համագործակցության պայմանավորվածություն էինք ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ: Մեկնում ենք Բրազիլիա «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության հրավերով` տեղում համագործակցության կետերն ավելի մանրակրկիտ քննարկելու նպատակով:

Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք պայմանավորվածություն ձեռք բերել հունվարին Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու կապակցությամբ: Եթե բանակցությունները հաջող ընթացք ունենան, ստուգողական հանդիպում կանցկացնենք նաեւ «Բոտաֆոգոյի» հետ` իրենց մարզադաշտում:

Հայտնի է, որ լրացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսված մարզչական շտաբում:

Տեղեկություն կար, որ Աբրահամ Խաշմանյանը հրավեր ունի Կարագանդայի «Շախտյորից», իսկ մենք միայն ուրախ կլինենք, որ հայ մարզիչները պահանջված լինեն արտերկրում:

Սակայն, այսօր կայացած հանդիպումից եւ մեր ապագա ծրագրերի բովանդակալից քննարկումից հետո համաձայնության եկանք եւ որոշեցինք երկարաձգել ավարտված պայմանագրի ժամկետը մինչեւ 2019-ի օգոստոսի 1-ը: Նույնը վերաբերվում է նաեւ մարզչական շտաբին: Նոր տարում մենք բազմաթիվ պատվախնդիր ծրագրեր ունենք, որոնք պետք է համատեղ ջանքերով իրագործենք:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Ալաշկերտի» կազմում եւ ի՞նչ փոփոխություններ են սպասվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագրերը Կարեն Մուրադյանի, Զավեն Բադոյանի, Դարկո Տոֆիլոսկու, Նորայր Ասլանյանի եւ Լեստեր Պելտիերի հետ: Չի բացառվում, որ թիմից էլի հեռացողներ կլինեն:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում ենք համալրվել բարձրակարգ ֆուտբոլիստներով եւ ուժեղացնել բոլոր խաղային դիրքերը: Հնարավոր է, որ ֆուտբոլիստներ հրավիրենք նաեւ Բրազիլիայից:

Ի՞նչ ծրագրեր ունի «Ալաշկերտը» նախապատրաստական փուլի ընթացքում:

Նախատեսված են երկու ուսումնամարզական հավաքներ արտերկրում: Կարող եմ ասել, որ երկրորդ հավաքը կկայանա փետրվարի 10-23 Անթալիայում: Հրավեր ունենք ԱՄՆ-ից` այնտեղ հունվարի 20-ից փետրվարի 2-ը ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Սակայն, Բրազիլիայի տարբերակը ֆուտբոլային տեսանկյունից մեր համար ավելի նախընտրելի է: Շուտով այդ հարցն էլ կհստակեցվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս