18:50  ,  13 դեկտեմբերի, 2017

«Ալաշկերտը» երկարաձգեց պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ

«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգեց ակումբի հետ ավարտված պայմանագրի ժամկետը մինչեւ 2019-ի օգոստոսի 1-ը, հաղորդում է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնների մամուլի ծառայությունը:

«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը եւ երկարաձգել պայմանագիրը: Պետք է էլ ավելի հզորացնենք մեր թիմը եւ հաջողություններ արձանագրենք Հայաստանում եւ Եվրոպական մրցասպարեզում: Մարզչական շտաբում փոփոխություններ չկան, իսկ ահա կազմում փոփոխություններ կլինեն:

Լինելով պրոֆեսիոնալներ` քննարկել ենք նաեւ մեր աշխատանքի բացասական կողմերը: Այդպիսին էր այս տարի Գյումրիում տեղի ունեցած միջադեպը: Վերլուծելով այդ միջադեպը, կարող եմ ասել, որ չպետք է տրվեի էմոցիաներին, պետք է ավելի զուսպ լինեի եւ չտրվեի սադրանքներին` իմանալով, որ նմանատիպ միջադեպի հետեւանքով կարող եմ որակազրկվել տեւական ժամանակով: Կարգապահական կոմիտեն որակազրկեց ինձ 10 խաղով: Ընդունելով պատիժը, հայտնում եմ իմ ներողամտությունը: Այդ դրվագի պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլեւ իմ ֆուտբոլիստներն ու ամբողջ ակումբը: Պետք է բացառենք նման դեպքերն ապագայում:

Ինչ վերաբերվում է Կարագանդայի «Շախտյորի» հետաքրքրությանը, ապա իմ անունը կա այդ ակումբի մարզչի թեկնածուների «շորթ-լիստում», սակայն բանակցություն ղազախական ակումբի հետ ես չեմ վարել: Հայ մարզիչների նկատմամբ հետաքրքրությունը արտասահմանյան ակումբերի կողմից դրական փաստ է մեր ֆուտբոլի համար, սակայն իմ բոլոր մտքերը կապված են «Ալաշկերտի» հետ»,- նշեց Խաշմանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում