14:44  ,  12 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանի օլիմպիական թիմերը որոշել են մասնակցել Օլիմպիական խաղերին

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ժողովը, որում քննարկվել է Ռուսաստանի մարզիկների մասնակցության հարցը Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին:

Միաձայն որոշվել է, որ ռուս մարզիկները պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին: Մասնակցության որոշումը մարզիկները կկայացնեն ինքնուրույն, հաղորդում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

ՄՕԿ-ի որոշման հիմքում Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:

Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: Ռուսաստանցի մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում